ԱՀԿ-ն պաշտոնապես գերհոգնածությունը (զգայական սպառման համախտանիշ) հիվանդություն է ճանաչել: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ գերհոգնածությունը սթրեսների, նեւրոզների եւ դեպրեսիայի հետ միասին հաճախ է հանդիպում Հայաստանում:

Մասնագետը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային գրաֆիկին: Եթե աշխատանքային օրվա ընթացքում գրեթե հանգստանալու ժամանակ չկա, ապա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Մեհրաբյանը նշում է, որ ծանրաբեռնվածությունը պետք է ճիշտ բաշխել, ինչը կօգնի խուսափել մասնագիտական սպառումից:

Չի կարելի մոռանալ, որ գերհոգնածությունը բացասաբար է ազդում ինքնագնահատականի վրա եւ կարող է նեւրոտիկ ախտանիշների պատճառ դառնալ:

Հիմնական ախտանիշները, որոնք վկայում են գերհոգնածության մասին, դա անքնությունն է, ախորժակի բացակայության հետ կապված ոչ կանոնավոր սնվելը:

«Գլխավոր ինդիկատորն այն է, երբ մարդը քնում եւ արթանանում է հոգնած», - նկատում է հոգեբանը:

Այդ դեպքում Մեհրաբյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հանգստին. այցելել մշակութային միջոցառումների, զբաղվել սպորտով:

«Շատ արդյունավետ է լողով զբաղվելը, քանի որ դա օգնում է մարդու մարմինը եւ հոգին ներդաշնակ վիճակի բերել:

Կարելի է առանձնանալ, սուրճի բաժակի շուրջ պլանավորել ժամանակը: Ցավոք, այս պարզ գործողություները կարող են հաճախ որպես ժամանակի կորուստ դիտարկվել», - նկատեց նա:

Ցանկության դեպքում ծագած խնդիրները կարելի է քննարկել հոգեբանի հետ, ինչն, ըստ Մեհրաբյանի, շատ ավելի արդյունավետ կլիներ նյարդաբանի կոնսուլտացիայից:

«Նյարդաբանը սահմանափակվում է հանգստացնող դեղամիջոցների նշանակմամբ, իսկ դա անարդյունավետ է պացիենտի անձնային աճի տեսանկյունից: Մինչդեռ հոգեբանն աշխատում է հենց այդ ուղղությամբ», - ասաց փորձագետը: