Գետով զբոսանքն այս տարվա փետրվարին ընկերների հետ քիչ մնաց ավարտվեր 13-ամյա Կացպեր Կրաուզեի մահվամբ։ Դպրոցականը պատահմամբ ընկել է գետը եւ, լողալ չիմանալով, սուզվել հատակը։ Նա ընդհանուր առմամբ սառցե ջրում մնացել է 25 րոպե։
 
Պատահարի վայր ժամանած բժիշկները կարողացել են վերականգնել նրա սրտի ռիթմը, բայց թթվածնի երկար բացակայության պատճառով տղան կոմայի մեջ է ընկել։ Հարազատները խոստովանում են, որ փորձել են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի «արթնացնեն» Կացպերին, բայց ոչ խոսակցությունները, ոչ երաժշտություն լսելը որեւէ արդյունք չտվեցին։ Մի օր նրա մայրը օդում փչել էր այն օծանելիքը, որի բույրը Կացպերը շատ էր սիրում։ Ի զարմանս նրա՝ պատանին գրեթե անմիջապես բացել է աչքերը։
 
Այսօրվա դրությամբ, եթե չհաշվենք որոշ դժվարություններ՝ կապված խոսքի եւ աջ ձեռքի աշխատանքի հետ, տղան բացարձակ առողջ է։ Կացպերը խոստովանում է, որ հիմա չի բաժանվում իր սիրելի օծանելիքից եւ միշտ մոտն է պահում իբրեւ թալիսման։ «Ես անգամ մտածել չէի կարող, որ օրերից մի օր այս բույրն ինձ դուրս կբերի կոմայից։ Հիմա այն իմ երջանկության թալիսմանն է»,- ասում է Կացպերը։