Մայիսի 28-ին ՄԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված՝ «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանում 2018թ․ գարնանը տեղի ունեցած խաղաղ քաղաքացիական շարժման, քայլարշավի, ցույցերի և երթերի ընթացքն ու զարգացումը պատկերող լուսանկարներ։ 
 
Միջոցառման բացմանը և դրան հաջորդած ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
 
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անցյալ տարվա իրադարձությունները հիշատակելով որպես շրջադարձային փուլ հայոց պատմության մեջ՝ նշեց, որ մայիսի 28-ին Առաջին հանրապետությանը տոնը նշելը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձնահատուկ խորհուրդ է պարունակում։ Շեշտելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների խրախուսումը, քաղաքական և հասարակական կյանքում կանանց և երիտասարդների առաջխաղացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, Մհեր Մարգարյանը նշեց նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-22թթ. համար Հայաստանի թեկնածության առաջադրումը։
 
Միջոցառմանը մասնակցող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հյուրերին ներկայացրեց լուսանկարներում պատկերված իրադարձությունների ընթացքը, ինչպես նաև՝ արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեությունը։