Մայիսի 31-ը շիկահերների համաշխարհային օրն է
 
Տոնի ծագման պաշտոնական տարբերակի համաձայն՝ դրա նախաձեռնողները ամերիկուհի շիկահեր փաստաբաններն են, որոնց տղամարդ գործընկերները որպես իրենց հավասար չէին ընկալում, խանգարում էին նրանց կարիերայի աճին՝ ակնարկելով շիկահեր կին գործընկերների ինտելեկտի ցածր մակարդակը։ Եվ երբ շիկահերներին ձանձրացրեց մշտապես հանդուրժել վիրավորական կատակները մազերի գույնի հետ կապված, նրանք որոշեցին պայքարել իրենց իրավունքների համար իրենց պատվին տոն սահմանելով։ Այլ վարկածի համաձայն՝ տոնն առաջ է եկել 2001-ին ամերիկյան «Օրենքով շիկահերը» կատակերգությունից հետո, որը խթան է հանդիսացել տոնի ստեղծման համար։ Երկու տարի հետո այն տարածվեց նաեւ այլ երկրներում։
 
Ինչպես կարծում են գիտնականները,  իսկական շիկահերը հազվադեպ բան է, եւ նրանց հաշվարկներով արդեն 2202 թվականին շիկահերները վերջնականապես կանհետանան Երկրի երեսից։ Միայն վերջին 50 տարում շիկահերների թիվը նվազել է՝ երկրագնդի բնակչության ընդհանուր թվի 49-ից հասնելով 14 տոկոսի։ Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ որպեսզի երեխան շիկահեր ծնվի, երկու ծնողն էլ պետք է բաց գույնի մազեր ունենան։ Երկրորդ՝ այն երկրներում, որտեղ գերակշռում է մազերի մուգ գույնը, բնակչությունն անշեղորեն աճում է, իսկ ահա եվրոպացիները՝ գերմանացիները, սկանդինավները, ռուսները, որոնք «սպիտակամորթ գենի կրողն են», դեռեւս սահմանափակվում են մեկ երեխայով։ Վերջին մարդը բաց գույնի մազերով կծնվի, ըստ գիտնականների, Ֆինլանդիայում, որտեղ ապրում է շիկահեր մազերով մարդկանց ամենամեծ թվաքանակը բնակչության մեկ շնչին ընկնող հաշվարկով։