ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ 16 փոխնախարարներ ազատվեցին աշխատանքից։ 
 
Քանի որ որոշ նախարարություններ միավորվելու են, բնականաբար, կկրճատվի նաեւ փոխնախարարների թիվը, ոմանք էլ միգուցե չպաշտոնավարեն։
 
Կրթության եւ գիտության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե որ փոխնախարարներն են շարունակելու պաշտոնավարել։
 
Կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի օգնականը մեզ իրազեկեց, որ նա տրամադրված չէ  հարցազրույցի, խորհուրդ տվեց դիմել ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, նույնը խորհուրդ տվեց նաեւ փոխնախարար Լուսինե Առաքելյանի օգնականը։ 
 
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փոխնախարարների ազատումը պայմանավորված է նախարարությունների վերակազմակերպմամբ։ 
 
«Սկսվել են փոփոխություններ եւ վերանշանակումների գործընթաց։ Իսկ դա նշանակում է, որ վերակազմակերպվող նախարարություններում նմանատիպ փոփոխությունների շրջան է»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։
 
Հարցին, թե կրթության եւ գիտության գծով քանի փոխնախարար է լինելու միավորվող նախարարությունում, Արթուր Բաղդասարյանն արձագանքեց․ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»։ 
 
Փոխնախարար Գրիշա Թամրազյանն ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ առաջարկ չի ստացել, իսկ եթե չվերանշանակվի փոխնախարարի պաշտոնում, ապա շարունակելու է աշխատել կրթության ոլորտում։