2018թ–ին Հայաստանում տարբեր տարածաշրջաններում կեղծ ժանտախտ կամ Նյուքասլ թռչունների հիվանդությունն էր տարածվել հավերի շրջանում, որի պատճառը հիմնականում վակցինացիայի մատակարարման ուշացումն էր, այս տարի եւս հնարավոր է հիվանդությունը կրկնվի, քանի որ վակցինացիան ուշացել է։ Այս մասին խոսեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
 
Նա նշեց, որ 2018թ–ից մարտից Իրանից այլեւ մեկ օրական ճուտ չեն ներկրում, քանի որ այնտեղ էլ վիճակը կայուն չէ, բացի այդ իրենք եւս թռչնագլխի կարիք ունեն. Այժմ մեկ օրական ճուտ ներկրում են կամ Վրաստանից, ՌԴ հարավային շրջաններից, բայց ՌԴ–ում եւս խնդիրներ կան։
 
Ըստ Սերգեյ Ստեփանյանի, 2019թ–ի հունվարի կեսերից Հայաստանի մսատու մի քանի ֆաբրիկաներում հիվանդության օջախներ հայտնաբերվեցին եւ կարանտին կանգնեցին, թռչնամսի քանակը պակասեց, իսկ գինը՝ բարձրացավ։
 
Նրա խոսքով, Վրաստանից ներկրվել է 300 –320 հազար մեկօրյա ճուտ, այնուամենյնիվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսի արտադրության ծավալների անկում է  գրանցվել։
 
«Վատն այն է, որ այս տարի վակցինացիայի գնումը եւս ուշացավ, եւ եթե անցած տարի բռնկումներ կային մասնավոր տնտեսություններում, այժմ խնդրի առջեւ են մասնագիտացած տնտեսությունները, արդեն սկսվել է պատվաստումը, սակայն խնդիրները դրանով չեն պակասել»,– ասաց Սերգեյ Ստեփանյանը։
 
Նա նաեւ նշեց, որ դեռեւս հայտնի չէ Սննդի անվտանգության պետական ծառայության տարածքային կենտրոնների հարցը ի՞նչ է լինելու հետագայում, անասնաբույժներին ով է վարձատրելու, վարձատրելու են ընդհանրապես, թե՞ ոչ. «Անորոշ վիճակ է. մեզ համար մտավախությունն այն  է, որ նախորդ տարվա վիճակը չկրկնվի, երբ ոլորտը լուրջ անկումներ ունեցավ»,– ասաց նա։
 
Ըստ Թռչնաբույծների միության նախագահի, 2018թ–ին կեղծ ժանտախտ կամ նյուքասլ հիվանդությունը տարածված է եղել Արագածոտն, Արմավիր, Արարատ, Կոտայքի մարզերում, օջախներ գրանցվել են Լոռու, Տավուշի մարզերում, թռչնագլխաքանակի անկում է  գրանցվել։
 
Ընդհանրապես, ըստ նրա, միակ ելքը Հայաստանում ունենալ մայրական կազմ, որը 50 տոկոսով կլուծի գլխաքանակի խնդիրը, բացի այդ տարբեր երկրներից են ներկրում մեկօրյա, որտեղ տարբեր հիվանդություններ կան, իսկ Հայաստանում ունենալով մայրական կազմ կլուծի, թե անվտանգության, թե ապահովածության խնդիրը։
 
Թռչնաբույծների միության նախագահը նաեւ նշեց, որ ինքն է մասնակցել Վրաստանում տոհմային թռչնաբուծարան ունենալու ծրագրի իրականացմանը, իսկ հիմա Հայաստանն է  Վրաստանից ճուտ գնում, իսկ Հայաստանն այդ ծրագիրն ունի մի քանի տարի, սակայն պետությունը չի աջակցում, ներդրողը հրաժարվում է առանց երաշխիքների նեդրումից, իսկ պետությունը երաշխիք չի տալիս։