Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
«Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում են մարդիկ ապրում: Դա արդեն շարունակվում է ավելի քան 10-15 տարի: Այսօր մենք հասել ենք այն վերջնակետին, որ մարդիկ կարող են ունենալ սեփական տանիք, սեփական անկյուն, նորմալ պայմաններ՝ բարվոք և արժանապատիվ կյանքի համար»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
 
Վթարային շենքերում ապրող ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրամադրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում՝ մինչև նոր կառուցվող շենքի շահագործման հանձնվի:
 
«Այս պահին քաղաքապետարանն ունի որոշակի առկա ֆոնդ, շուրջ 100 բնակարանի մասին է խոսքը, ևս 70 բնակարան այս պահին չի բավարարում, սակայն, հաշվի առնելով այնտեղի կյանքի համար ուղիղ վտանգ ներկայացնող բնակարանային և շենքային պայմանները՝ փլուզումներ ենք արդեն ունենում, մենք այդ ընտանիքներին կտեղափոխենք վարձով ժամանակավոր բնակարաններ՝ համայնքի միջոցների հաշվին: Կհատուցենք բնակիչների բնակարանների ամենամսյա վարձը, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կհանձնվի շահագործման»,- ասել է փոխքաղաքապետը:
 
Սիսակյան 3 հասցեում նոր շենքի շինարարությունն ընթացքում է: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման ու հաղորդուղիների անցկացման աշխատանքներ: