«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» նախագիծը շուտով կավարտվի: Սիրված հերոսների մասնակցությամբ պատմությունը մոտենում է հանգուցալուծմանը: Նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը մեզ հետ զրույցում առաջին անգամ խոսել է եզրագծին մոտենալու մասին: Նա նշեց, որ հունիսին նախագծի ավարտվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն ամռանը հեռուստասերիալը կավարտվի:
 
«Սյուժետային որոշ կտրուկ փոփոխությունների պատճառով երկրպագուների մոտ «խուճապ» սկսվեց, ստեղծվեց տպավորություն, որ սերիալը հունիսին վերջանում է: Ամեն դեպքում, երկրպագուների հարցերն ու մտահոգությունները, չգիտես ինչու, հենց այս ամսվա հետ են կապված։ Իհարկե, «Էլենի օրագրի» էջերը մի օր կվերջանան, ֆինալը սարերի ետևում չէ, բայց ոչ հունիսին»,- ասաց Անին, իսկ հստակեցմանը՝  «սարերի հետևում» չգտնվող ավարտն ամռա՞նը կլինի, պատասխանեց՝ այո, ամառվա ընթացքում, բայց ավելի ուշ:
 
Վերջաբանի մասին փակագծեր սցենարիստը չի բացում, բայց խոստանում է լարված սերիաներ. «Նախքան ֆինալը լարված և հետաքրքիր իրադարձություններ են սպասվում, իսկ ֆինալը հուսով եմ չի հիասթափեցնի»
 
Սա նախագծի երկրորդ եթերաշրջանն է: Սցենարիստը դեռ վաղ է համարում խոսել՝ արդյոք կունենան նաև երրրոդ եթերաշրջան:
 
«Թեև նամակները չեն դադարում, ես երբեմն դրանցով կիսվում եմ նաև համացանցում, երրորդ եթերաշրջանի պահանջարկ կա, գաղափարներ էլ կան, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել: Դեռ մեծ աշխատանք ունենք անելու երկրորդ եթերաշրջանի վրա այնպես որ, կարծում եմ՝ երկարատև և ակտիվ աշխատանքից հետո մտածելու ժամանակ կունենանք և առաջին հերթին երկրպագուների համար լավագույն որոշումը կկայացնենք»,- ընդգծեց նա: 
 
Հայկական հեռուստաեթերում նախագծի տևողությունը հաճախ որոշում է ռեյթինգը: Անիիից հետաքրքրվեցինք՝ արդյոք երկրորդ եթերաշրջանը զիջում է առաջինին. «Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա երկրորդ եթերաշրջանը սերիաների քանակով ավելի երկար է, քան առաջինը, այնպես որ, դա արդեն խոսում է մեր փոխարեն, բայց մեր դեպքում նախագծի տևողությունը և հստակ սերիաների քանակը պայմանավորված է նախապես որոշված սյուժեով։ «Ճանապարհի կեսին», «ձեռքի հետ» ոչինչ չենք անում»:
 
Կոնկրետ իր համար ո՞ր եթերաշրջանն էր ավելի հետաքրքիր, իր կարծիքով, երկրորդ եթերաշրջանը զիջե՞ց առաջինին, թե՞ ոչ, Անին դժվարացավ պատասխանել: Ասում է՝ միշտ սիրով է աշխատում, նոր հերոսներն էլ սիրվել են, ինչը շատ կարևոր էր:
 
«Առաջինի դեպքում անսպասելիության գործոն կար, որը բոլորիս վրա ազդեց: Հեռուստադիտողները հայկական եթերում չէին սպասում նման որակի սերիալ, մենք չէինք սպասում նման բուռն արձագանքի թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Երկրորդ եթերաշրջանի դեպքում որոշ առումներով բաժանվեցին երկրպագուների սպասելիքները ու իմ տեսլականը, բայց կարծում եմ, ի վերջո, հասկացանք իրար: Ես սկզբից ասել էի, որ սա բոլորովին նոր պատմություն է և սխալ էր սպասել նույն էմոցիոնալ լարվածությանը. այստեղ շեշտերն այլ երևույթների վրա են դրված, պատմությունն այլ իրականության մասին է: Մտավախություն ունեի, որ նոր հերոսները հներին կզիջեն, որովհետև հիմնական հերոսների հանդեպ սերը շատ մեծ է, բայց, հուրախություն մեզ, նոր կերպարները շատ սիրվեցին, այնպես որ, չեմ կարծում, որ երկրորդ եթերաշրջանը զիջում է առաջինին, չեմ էլ փորձում համեմատել նույնիսկ ինքս ինձ համար, նույնն է, թե կլորը համեմատես քառակուսու հետ։ Իմ աշխատանքային պրոցեսում բան չի փոխվել, աշխատում եմ նույն սիրով ու ոգևորությամբ»,- եզրափակեց սցենարիստը: