Անհագ ծարավը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որոնց թվում են ջրի ու աղի հաշվեկշռի խանգարումը, ինչը բնորոշ է շոգ եղանակին, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, առատ միզարտադրությունը կամ փորլուծությունը: Սակայն եթե բերանի խոռոչի չորությունն ու ծարավի զգացումը պահպանվում է անգամ ջուր խմելուց հետո, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ դա կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին:
 
Որպես կանոն անհագ ծարավը մարդկանց մոտ ասոցացվում է շաքարային դիաբետի հետ, սակայն ներզատաբան Թամարա Գելաշվիլիի խոսքով՝ շաքարային դիաբետը միակ հիվանդությունը չէ, որը դրսևորվում է այս ախտանշանով: Մասնագետը ներկայացրել է, թե որ խանգարումների դեպքում է ի հայտ գալիս ծարավի զգացում:
 
Շաքարային դիաբետ
 
Այս հիվանդության դեպքում հիվանդի արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, ինչը նպաստում է առատ միզարտադրության ու հաճախամիզության: Նման դեպքերում օրգանիզմը ջրազրկվում է, ինչն էլ դառնում է անհագ ծարավի պատճառ: Նմանատիպ ախտանշաններ կարող են առաջանալ նաև ոչ շաքարային դիաբետի դեպքում, որը պայմանավորված է լինում հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) քիչ արտադրությամբ:
 
Երիկամների հետ կապված խնդիրներ
 
Ծարավի զգացումն ու մեծ քանակությամբ հեղուկի գործածությունը, որը միաժամանակ համադրվում է ոչ հաճախակի միզազատությամբ ու այտուցներով, կարող է լինել երիկամային խանգարումների ախտանշան: Նման խանգարումների շարքին է դասվում երիկամային անբավարարությունը, որը կարող է լուրջ խնդիր դառնալ:
 
Հարվահանագեղձերի աշխատանքի խանգարում
 
Հարվահանագեղձերը կարգավորում են օրգանիզմում կալցիումի մակարդակը, և եթե ծարավի պատճառն այս գեղձերի աշխատանքի խանգարումն է, ապա պետք է առկա լինեն նաև այլ ախտանշաններ՝ ոսկորների ցավ, մկանային թուլություն, ընդհանուր հոգնածություն, մոռացկոտություն:
 
Օրգանիզմի ինտոքսիկացիա
 
Ծարավի զգացումը կարող է պայմանավորված լինել նաև օրգանիզմի ինտոքսիկացիայով: Բանն այն է, որ տոքսինների ի հայտ գալու դեպքում օրգանիզմն սկսում է ավելի շատ ջուր պահանջել դրանք մեզի հետ ավելի արագ դուրս բերելու համար:
 
Գլխուղեղի վնասվածք
 
Մասնագետի խոսքով՝ սաստիկ ծարավը կարող է պայմանավորված լինել նաև գլխուղեղի այտուցով, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:
 
Որոշակի դեղամիջոցների ընդունում
 
Երբեմն բերանի չորությունը պայմանավորված է լինում որոշակի դեղամիջոցների ընդունմամբ: Նման դեղերի շարքին են դասվում խորխաբեր, միզամուղ ու հակահիստամինային դեղամիջոցները, ինչպես նաև որոշ հակաբիոտիկներն ու զարկերակային ճնշումը նվազեցնող դեղամիջոցները: Դրանք նպաստում են օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչն էլ հանգեցնում է լորձաթաղանթների չորության: