Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի 22-ամյակը վերածվել է նրա նշանադրության արարողությանը: Սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, նրա օօրն իրական տոն է դարձրել՝ Մարիամին անակնկալի բերելով ոչ միայն տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքով, այլև նրա երազանքների մատանին նվիրելով։ Մարիամն ու Գոռն արդեն պաշտոնապես նշանված են։

Tert.am Life-ը  զույգի հետ զրուցել է հիշարժան օրվա մասին: Գոռը պատմեց անակնկալին պատրաստվելու և մատանին ընտրելու, իսկ Մարիամը՝ իր զգացողությունների մասին։ Գոռը նշեց, որ անակնկալին շատ երկար է պատրաստվել, նույնքան երկար էլ որոշել է, թե ո՞ր օրը պետք է մատուցի այն։

«Քանի որ 22-ն առհասարակ մեր թիվն է, ամսի 22-ն էլ մեր օրը՝ որոշել էի սպասել ու այդ օրն անել անակնկալը, այդ օրը միշտ ինչ-որ բան կազմակերպում ենք, բայց մտափոխվեցի և որոշեցի տարեդարձի օրն անել առաջարկը։ Մարիամը ոչնչից տեղյակ չէր, մտածում էր, որ լինելու ենք երկուսով: Պատկերացում չուներ, որ խնջույք է լինելու, որին կլինեն մեր հարազատներն ու ընկերները։ Շատ հետաքրքիր ստացվեց՝ սպասվածից էլ ավելի լավ։ Մեր ընկերներն էլ են մեզ շատ օգնել։ Կարծում եմ՝ ամեն ինչ »,- ասաց Գոռը։

Ինչ վերաբերում է մատանու ընտրությանը՝ դերասանն ասաց․ «Մատանու ընտրությունը շատ հետաքրքիր ստացվեց: Տարիներ առաջ, երբ դեռ նոր էինք սկսել ընկերություն անել, մի անգամ Մարիամն ինձ մատանու նկար ուղարկեց, ասաց, որ իր երազանքների մատանին է։ Իհարկե, շփման այս տարիներին շատ մատանիներ ենք նայել միասին, շատերի համար է ասել, որ հավանում է, բայց ես պահել էի այդ լուսանկարը ու առաջարկություն անելիս որոշեցի ընտրել հենց այն, որի համար ասել էր՝ իմ երազանքների մատանին է»։ Գոռի խոսքով՝ պսակադրության արարողությունն էլ չի ուշանա՝ օրը դեռ չեն որոշել, բայց երկար չեն սպասի:

Մարիամի զգացողությունները դեռ թարմ են։ Նրա խոսքով՝ անակնկալը ստացված էր՝ հուզվել է թե՛ ընկերների ներկայությունից, թե՛ ամուսնության առաջարկից։ Երկու դեպքում էլ նրա համար անսպասելի է եղել, որովհետև մինչև վերջին պահը մտածել է, որ ինքն ու Գոռը միայնակ են լինելու։

«Մենք այն զույգերից ենք, որոնք միշտ ծննդյան տոնը նշելու պարտականությունը դնում են մյուս կողմի վրա։ Երբ Գոռի տարեդարձն է՝ ես պետք է կազմակերպեմ, երբ իմ ծնունդն է՝ Գոռն է կազմակերպում։ Ես, իրականում, գիտեի, որ մի տեղ գնալու ենք, բայց կարծում էի, որ երկուսով ենք լինելու, ռոմատիկ մթնոլորտում ընթրելու ենք՝ մոմեր, երաժշտություն: Ամբողջ ճանապարհին իմ աչքերը փակ էին։ Երբ տեղ հասանք, աչքերս բացեցի ու տեսա այն, ինչ կազմակերպել էր, աննկարագրելի էմոցիաներ ապրեցի»,- ասաց Մարիամը։

Գոռը սիրելիի տարեդարձին հրավիրել էր բոլոր այն մարդկանց, որոնք, Մարիամի խոսքով, իր այս տարվա ձեռքբերումն են եղել։ «Այս տարի այնպիսի ընկերներ եմ ձեռք բերել, որոնց ինքս ճանաչել եմ, բայց չենք շփվել, թեև եղել է ծանոթանալու մեծ ցանկություն։  Ներկա էին իմ համակուրսեցիները, որոնց հետ երեք տարի շարունակ կռվել եմ, «աչքով աչք չենք ունեցել», բայց վերջին մեկ տարվա ընթացքում մեր հարաբերությունները բոլորովին այլ են եղել ու հիմա իրենք ինձ մտերիմ մարդիկ են: »,- նշեց դերասանուհին։

Ինչ վերաբերում է նշանադրությանը, նրա խոսքով, անակնկալը նրան այնքան է հուզել, որ դեռ չի կարողանում խոսել իր զգացողությունների մասին․ «Իրականում էմոցիան այն բանն է, որը բառերով հնարավոր չէ փոխանցել՝ դա իմ հոգու փոթորիկն է, որն անհնար է մեկնաբանել։ Հիմա էլ խոսում եմ, բայց չեմ կարողանում փոխանցել այն, ինչն այդ պահին զգացել եմ։ Այդ օրն ունեցել եմ միանգամից երկու անակնկալ՝ նախ տարեդարձս, ներկա հյուրերը, ապա նշանադրությանս մատանին։ Մայրս և Գոռը կարողացել էին շատ լավ գաղտնի պահել ու «խաբել» ինձ ողջ օրվա ընթացքում: Եվ մեր երկուսի ծնողների ներկայությունը ևս շատ հուզիչ էր»։

Մանկական ու աղջկական երազանքները, Մարիամի խոսքով, սիրելին՝ Գոռը, հերթով իրականություն է դարձել։ Ինչ վերաբերում է նրա առաջարկությանը, Մարիամը նշեց, իր մանկության երազանքներից մեկը հենց դա է եղել․ «Անկեղծ եմ ասում, միշտ մտածել եմ, որ ինչ-որ ռոմանտիկ պահի պետք է բացեն այդ գեղեցիկ տուփն ու ինձ ամուսնության առաջարկություն անեն։ Սա իմ մանկության երազանքներից էր։ Իհարկե շատ-շատ երազանքներ ունեմ, որոնք դեռ փոքր տարիքից հոգուս խորքում են՝ գաղտնի քնած։ Ես չէի ուզում երազանքներս արթնացնել, որովհետև մտածում էի՝ դրանք ուղղակի երազնանքեր են, բայց Գոռը հայտնվեց և երազանքներս հերթով իրականացրեց»։