Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր տոնում է 44-ամյակը, ինչի առթիվ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Լիլիթը տարեդարձը տոնել է աշխատավայրում, որտեղ ուղիղ կեսգիշերին իրեն անակնկալ են մատուցել՝ օրը վերածելով տոնի: Այսօր երեկոյան էլ Լիլիթն աշխատանքի է լինելու: «Տեսնեմ՝ ի՞նչ անակնկալ է սպասվում ինձ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա ու պատմեց կեսգիշերին անակնկալի ու անսպասելի նվերի մասին:

«Դեռ 12-ը չկար, բեմում երգում էի, սրահում տեսա որդուս ու ընկերուհուս, մտածեցի՝ եկել են, որ կեսգիշերին շնորհավորեն ինձ: Պարզվեց՝ իրենք երգիչների հետ իսկական անակնկալ են կազամկերպել: Փուչիկներով, ծաղկեփնջով, իմ նկարով շատ սիրուն տորթով բեմում շնորհավորեցին ինձ, երգեցին: Ամեն ինչ շատ սիրուն էին կազմակերպել»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ ընկերուհին ու որդին իրեն մատուցել են այնպիսի նվեր, որը շատ էր ցանկանում ունենալ, բայց չէր սպասում:

«Որդիս ու ընկերուհիս ինձ վերջին iPhone-ներից են նվիրել: Իմ հեռախոսն iPhone X է, բայց միշտ նայում էի, թե ընկերուհուս հեռախոսն ինչ լավ է նկարում ու հիանում որակով: Տղաս ընկերուհուս ասել էր, որ շատ եմ սիրում այդ հեռախոսը, պայմանավորվել էին, որ դա կնվիրեն ինձ: Մինչև վերջ պահել էր գաղտնիքը»,- ոգևորությամբ պատմեց Լիլիթը:

Մայրիկին անակնակալ մատուցելու հարցում 10-ամյա Կարենը մեծ ներդրում է ունեցել, սակայն շնորհավորելիս շատախոս չի եղել: «Զարմացած էի որ ընկերուհուս հետ ամեն բան կազմակերպել էր: Ինձ շնորհավորելիս շատ բան չասաց, միայն ամուր գրկեց: Հումոր անելիս իր ուղեղը շատ լավ է աշխատում, բայց նման դեպքերում քչախոս է: Ինձ ամուր գրկեց, շնորհավորեց: Առհասարակ, ինձ ասում է՝ իմ ամենասիրուն մամա ջան, քեզ աշխարհի չափ սիրում եմ, առանց քեզ չեմ կարող»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհին նաև ասաց, որ իր լավ ընկերոջ կողմից 101 վարդից բաղկացած շքեղ ծաղկեփունջ է ստացել:

44-ամյա երգչուհու խոսքով՝ տարիքից երբևէ չի վախեցել: «Ես տարիքից չեմ վախենում, որովհետև ավելի երիտասարդ եմ երևում: Երևի դա է պատճառը, որ միշտ «դուխով» ասում եմ տարիքս, երբևէ չեմ մտածել թաքցնել այն: Մամաս մեկ-մեկ ասում է ասում է՝ պարտադիր չէ ամեն անգամ ասես տարիքդ, բայց ես չեմ վախենում»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ տարիքի հետ կապված մտավախություները կապված են միայն որդու հետ: -Քեզնից անկախ մտածում ես՝ վայ մեծանում եմ: Տղաս 10 տարեկան է, մտածում եմ՝ ես ուշ եմ երեխա ունեցել, մեր տարիքային տարբերութունը մեծ է, միշտ կատակում եմ, որ 16 տարեկանում պիտի ամուսնանա: Մնացած առումներով սա ծաղկունքի տարիք է: Երբ փոքր էի, մտածում էի՝ 30-31 տարեկանը շատ մեծ է կամ իմանում էի 25 տարեկան մեկն ամուսնացած չէ, մտածում էի՝ ինչ մեղկ է, տեսնես երբևէ կամուսնանա: Սակայն հիմա նայում եմ շուրջս ու հասկանում, որ տարիքը ոչնչի հետ կապ չունի, երևի թե, միայն առողջության»:

Կանայք հաճախ վախենում են նաև մենակ մնալուց: Լիլիթի խոսքով՝ որոշ ժամանակ է՝ իր կողքին տղամարդ չկա, սակայն մենակ մնալուց ևս չի վախենում:

«Երևի, երբևէ երկրպագուների  խնդիր չեմ ունեցել: Երկրպագուներ շատ ունեմ, որոնք զանգում են, գրում, դրա համար մենակ մնալու մտավախություն չունեմ: Միաժամանակ, պետք է շեշտեմ, որ ես շատ «քթի մազ» եմ: Հաճախ մարդկանց կարող է թվալ, թե ես կամ մեր ասպարեզի մարդիկ ձեռնոցի պես փոխում են տղամարդկանց, բայց ես տեսակով այդպիսին չեմ»,- ասաց նա ու հավելեց, որ իր երազանքները հիմնականում կապված են որդու և իրեն շրջապատող մարդկանց հետ:

«Ինձ համար առաջնայինը որդուս առողջությունն է, ուզում եմ, որ մայրիկս միշտ մեր կողքին լինի, հարազատներս ու երկրպագուներս կողքիս լինեն: Ես այդ ժամանակ ինձ իսկապես կարող եմ երջանիկ զգալ: Միայն իմ մասին չեմ մտածում»,- ասաց նա: