Louis Vuitton Moët Hennessy (LVMH) նորաձևության տան սեփականատեր ֆրանսիացի Բերնար Արնոն պատմության մեջ դարձել է երրորդ մարդը, ում կարողությունը հասել է 100 միլիարդ դոլարի։

Ներկայումս Արնոյի կարողությունը գնահատվում է 100,4 միլիարդ դոլար, վերջին մեկ օրվա ընթացքում այն ավելացել է 3 միլիարդ դոլարով։ Այս տարվա սկզբից Արնոյի ակտիվները ավելացել են 32 միլիարդ դոլարով, որը տեղի է ունեցել LVMH-ի ակցիաների 43% թանկացման շնորհիվ։

Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցանկում Արնոն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին (119 միլիարդ դոլար) և Microsoft-ի նախկին ղեկավար Բիլ Գեյթսին (106 միլիարդ դոլար)։

Bloomberg-ի հաշվարկների համաձայն՝ Արնոյի ունեցվածքը կազմում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 3%-ը։ Միևնույն ժամանակ Forbes-ը նրա ունեցվածքը գնահատում է 97,3 միլիարդ դոլար և նույնպես նրան հատկացնում է երրորդ հորիզոնականը, որտեղ կրկին զիջում է Բեզոսին և Գեյթսին։