
Դեռեւս հստակ չէ, թե ինչ է կառուցվելու «Կուկուռուզնիկի» փոխարեն, ամենահավանական տարբերակը հյուրանոցն է, նույնիսկ չի բացառվում, որ վերադառնան նախկինում անցկացված մրցույթի արդյունքներին։ «Կոնկրետ քննարկումները պարոն Մեսչյանի գրասենյակում են ծավալվում։ Ես, օրինակ, կուզեի, որ այնտեղ էլի երիտասարդական պալատ լիներ, սակայն չգիտեմ, թե որքանով կստացվի։ Ինչ էլ որ լինի, կարեւոր է, որ այդ վիճակն անպայման վերանա, հնարավոր է, որ հյուրանոց կամ բիզնես-կենտրոն դառնա այդտեղ։ Որքանով ես եմ տեղյակ, դեռ հաստատված նախագիծ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Էդիկ Ավետիսյանին մոտ կանգնած մեր զրուցակիցը հաստատեց, որ սեփականատերը լուրջ քայլեր է ձեռնարկում, որ այդ տարածքում շինարարությունը սկսվի, խոսվում է հյուրանոց կամ համալիր կառուցելու մասին․ «Այդ կոմպլեքսը կառուցելու է լուրջ շինարարական կազմակերպություն։ Ես լսեմ եմ, որ այդտեղ կոմպլեքս կառուցելու ցանկություն կա, լսել եմ, որ այդ տարածքի սեփականատերն այդ առումով ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնական ձեւավորի առաջադրանքը, ձեւավորի ցանկությունները։ Գիտեք՝ երկար տարիներ այդ տարածքն այս վիճակում կանգնած է, եւ ինքը հիմա ձեռնարկում է լուրջ միջոցներ, որպեսզի այդ սայլը տեղից շարժվի»։ Հարցրինք, թե ինչու է հիմա որոշել սկսել շինարարությունը, գուցե վտա՞նգ կա, որ կարող են տարածքը ձեռքից վերցնել։ «Ես, ճիշտն ասած, այդ մասին չեմ մտածել, այդքան հե՞շտ է մարդու սեփականությունը ձեռքից վերցնելը։ Որ մինչեւ հիմա չի կառուցվել, ճիշտն ասած, դրանում իր մեղքը չկա, ձգձգվել է ոչ այն պատճառով, որ ինքը չի ցանկացել, ավելի շատ այլ անձինք, այլ կառույցներ ու այլ մարմիններ են խոչընդոտել, չեմ կարծում, որ պատճառն այն է եղել, որ նա աբստրակտ ակտիվություն է ցուցաբերել, ես կարծում եմ, որ ռեալ է կառուցելու իր ցանկությունը։
Չի բացառվում, որ անդրադառնան նորից այդ մրցույթի արդյունքներին, եւ իրականացվի այդ մրցույթի հաղթողի ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը։ 2010 թ. այդ տարածքում նոր շենք կառուցելու մրցույթ հայտարարվեց: Ներկայացված աշխատանքներից ընտրվեց ճապոնացի ճարտարապետի ներկայացրած առաջարկը: Այն ներկայացվեց Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում եւ, որոշ դիտողություններով հանդերձ, հավանություն ստացավ: Սակայն այդ նախագիծը չիրագործվեց: Իսկ երեւանցիները շարունակում են հիշել «Կուկուռուզնիկը», որը թեեւ ճարտարապետական մի հրաշք կոթող չէր, սակայն Երեւանի սիմվոլներից էր եւ հանրության կողմից սիրված։