ԲՀԿ պատգամավորի ցնցող հայտարարությունները՝ ԱԺ-ում. «Թող մեկ-մեկ էլ տուրիստները Սեւանի ջուրը խմեն, փորացավ ընկնեն, լավ երկրներում հանգիստ ապրում են, թող գան, մեր հալն իմանան»Նունե Բակունցն անդրադարձավ նաեւ Սեւանա լճից ջուր խմելուն, որի մասին խոսել էր ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը. «Սեւանա լճի ջուրն իսկապես շատ ավելի մաքուր է շատ տեղերից, բայց այն խմելու որակի ջուր չի, ուրիշ բան, էր կարող է մեկ-երկու անձ, ովքեր այդտեղ ապրում են, էդ ֆլորային սովոր են, բարձր իմունիտետ ունեն, խմեն, բայց խնդրում եմ, մի ագիտացիա արեք, որ ջուր խմեն, վտանգ չկա: Ոչ պատրաստ մարդ, տուրիստներ կարող են ջուրը խմեն եւ հիվանդանան»: Նա ասաց, որ որեւէ լողափում լողալու դեպքում վտանգ չկա, կարող են լողալ, ջրի մեջ թունունակություն չկա, այդպես է ցույց տվել վերջին հետազոտությունը, բայց իրավիճակը կարող է փոխվել, որովհետեւ ջրիմուռները կենդանի օրգանիզմ են: Սեւանից պարբերաբար ջուր խմող Հրանտ Մադաթյանն արձագանքեց Բակունցին՝ ուշագրավ հայտարարություններ անելով. «Ես ագիտացիա նախ չեմ անում ջուր խմելու համար, բայց մենք էլ ենք մարդ, մեր արյունն էլ է կարմիր: Տուրիստների համար մտածում ենք, մեր մասին չենք մտածում: Ասում եք՝ տուրիստները կխմեն, վատ կզգան, փորացավ կընկնեն, ոչինչ, թող մեկ-մեկ էլ իրենք էլ փորացավ ընկնեն, իրենք լավ երկրներում հանգիստ ապրում են, թող գան, մեր հալն իմանան»: Մադաթյանը վստահեցրեց, որ ճիշտ է, Սեւանի ափին հողատարածք ունի, բայց բիզնես շահ չունի, ժողովրդի համար է մտածում. «Իհարկե, առաջինը Սեւանը փրկելու հարցն է, Սեւանը մեր ազգի պարծանքն է, բայց ասում ենք՝ ուզածը ո՞րն է, ձեր դիտարկումներն անում եք վատ ժամանակին: Ասում եք՝ տոքսիններ կան, չգիտեմ ինչեր կան, քանի՞ հոգի մարդ է մահացել: Եթե չի մահացել, ինչի՞ համար ենք մենք ամպագոռգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը միլիարդները տանում է ուրիշ երկրներ: Խի՞ բնապահպանների հետ էդ աշխատանքները սուսիկ-փուսիկ չեք անում: Ինչի՞ համար առողջապահության նախարարը բարձրաձայնեց, որ Սեւանում էսօր հանգստացող մի մարդ կա: Երեկ էլ արդեն բռնեց` ասեց, թե արդեն կարող եք չոփիկ-չոփիկ անել: Արդեն ուշ է»: Բակունցը, ներկաները զարմացած էին. «Ինչո՞ւ պետք է սպասենք անպայման զոհ ունենանք, հետո՞ դրա մասին բարձրաձայնենք: Սպասենք մեկը մեռնի, հետո ասենք՝ վաաա՜յ, մի լողացեք, դուք էլ կմեռնե՞ք: Անպայման չի, որ մեռնեն: Տարբեր դրսեւորումներ կարող են լինել՝ մաշկային ցան, ասթմատիկի մոտ պրիստուպ սկսի, ալերգիկ շոկ առաջանա, եթե մեկը զգայուն է: Նման ջուրը լյարդի վրա է ազդում»: