Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատներն այսօր հավաքվել և իրենց բողոք են արտահայտում ոստիկանության գործողություններից։ Նրանցից մի կին, ցույց տալով ձեռքի կապտուկները, ասաց, որ դա ոստիկանների հետ քաշքշոցի հետևանքով է եղել:
 
Նա նշեց, որ գիշերը ժամը՝ 03:30-ին, ոստիկանները ներխուժել են իրենց տուն և երկու տղաներին ու ամուսնուն տարել: «Դարպասը կոտրելով, դուռը փշրելով եկան, հրեցին իմ տան մեջ գիշերվա ժամը 3:30-ին, որից հետո տղաս ձեններից իջավ, 10 հոգով բռնեցին, տռուսիկով, որի իրավունքը իրենք բացարձակ չունեին, իջեցրին գետին … ասեցին՝ փռել ասֆալտին, բայց չասեցին՝ իրա տան մեջ անմեղ մարդկանց փռեն ասֆալտի՞ն, իրա կնոջ, մոր, երեխու ներկայությամբ այդ մարդուն ցածրացնե՞ն»,-ասաց կինը:
Նա նշեց, որ հետո ամուսնուն են բռնել, ապա մյուս որդուն: «Տանն ում տեսան տղամարդկանցից՝ տարան, ինձ էլ հրեցին գցեցին, ասեցի՝ ինձ էլ տարեք, ես էլ եմ ցուցարար, չտարան, հրեցին գցեցին, մնացածին տարան տռուսիկով, ոտաբոբիկ, առանց հագուստի»,-ասաց նա:
Կինը նաև ասաց, որ գիշերվա ժամը 04։00-ի սահմաններում ինքն գնացել է Ոստիկանություն, ցանկացել է ցուցմունք տալ, որ իրեն հարվածել են, բայց ոչ ոք դուռը չի բացել, ինչը տեսանկարահանել են: Ձերբակալվածի հարազատը նշեց, որ արդեն հաղոդում է տվել՝ տուն ներխուժելու համար: