Մինսկում շուրջ 2000 ցուցարար է դուրս եկել Հաղթանակի հրապարակ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:
 
Ցուցարարներն Անկախության պողոտայից մտել են հրապարակ և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն: Անցորդներն ու վարորդներն աջակցում են ցուցարարներին բացականչություններով և ազդանշաններով:
 
Հաղորդվում է, որ դեպքի վայրում ոստիկաններ չկան:
 
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում վաղ առավոտից մարդիկ բողոքի ցույցերի ժամանակ տուժած և ձերբակալված անձանց աջակցությանն ուղղված «համերաշխության շղթաներ» են կազմում:
 
Ակցիաների ընթացքում, որոնց մասնակցում են հիմնականում կանայք, մարդիկ իրենց ձեռքում ծաղիկներ են պահում` այդպիսով կոչ անելով վերջ դնել բռնությանը, ինչպես նաև վեր բարձրացրած ձեռքերով հաղթանակի նշանն են ցույց տալիս:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
 
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:
 
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
 
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
 
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: