Նավից՝ պարահանդես
Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն Երեւանում է: Նրան ընդունել է նախագահը, ինչն այցի կարեւորության մասին է վկայում: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման հարցին: Իսկ արտգործնախարարը Երեւան է այցելել Բաքվում Թուրքիայի եւ Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումից հետո: Սա թույլ է տալիս ենթադրել, որ քննարկումը կապ ունի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունների հետ: Կարելի է ասել, որ Վրաստանի արտգործնախարարը «նավից անմիջապես հայտնվել է պարահանդեսում»՝ ըստ երեւույթին, որոշակի միջնորդական պարտավորությամբ: Բանն այն է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ձեւաչափը քաղաքական իմաստով ուղղված է տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացմանը, սակայն գործնականում դա իրականացնել հնարավոր չէ, որովհետեւ առանց Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների Վրաստանը դադարում է լինել լիարժեք սուբյեկտ: Ու թեեւ միջազգային հարթակներում Վրաստանը հանդես է գալիս հակամարտությունները «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կարգավորելու» կեցվածքով, քաղաքական հարթությունում ձեռնպահ է մնում կոնկրետ քայլերից: Թերեւս Վրաստանն իր նկատառումները հասկացնել է տվել Թուրքիային ու Ադրբեջանին եւ եկել է Հայաստանից պատասխան ստանալու:
 
Հնարավոր է, որ Վրաստանի նախարարը նաեւ առաջարկություններով է եկել Երեւան: Իրականում Հայաստանի մեկուսացման թուրք-ադրբեջանական ծրագիրը չի իրագործվում լիովին, եւ բացառված չէ, որ Անկարայում եւ Բաքվում հասկացել են, որ կարելի է մտածել թնջուկը հանգուցալուծելու մասին: Վրաստանի նախարարի երեւանյան այցը կարող է հանգրվանային դառնալ: