Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Հայոց ազգային գաղափարախոսության նպատակը հայ ժողովրդի գոյապահպանումն է ու բնականոն զարգացումը: Ազգի գոյապահպանման առաջին հիմնապայմանն անկախ, ամբողջական հայրենիքի առկայությունն է, երկրորդը՝ անկախ պետականության առկայությունը, երրորդը՝ ազգային մշակույթի համակարգի առկայությունը. ազգային մշակույթն ազգային դաստիարակության հիմնական լծակն է:
 
Առանց ազգի հայրենիք չկա, առանց հայրենիքի՝ ազգ: Հայրենիքի բովանդակությունը հողն է, ձևը՝ ազգային մշակույթը: Առանց ազգային մշակույթի ազգային Հայրենիք չկա: Հողն ազգերի հայրենիք է դառնում ազգային մշակույթով: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ձեռք է բերել իր ինքնությունը, ազգային դիմագիծը, բնավորությունը, մշակույթը, որոնք պայմանավորված են Հայաստանի բնակլիմայական և աշխարհաքաղաքական պայմաններով ու առանձնահատկություններով:
 
Հայ ժողովուրդն ունի մեկ Հայրենիք՝ Հայկական լեռնաշխարհը, որի տարբեր մասերը բռնազավթել են այլ պետություններ: Հետևաբար հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը Հայրենիքի կորցրած տարածքների ազատագրումն է: Հայ ժողովուրդը, եթե կամենում է գոյատևել, պարտավոր է ազգի, հայրենիքի, մշակույթի և անկախ պետականության գաղափարները դարձնել ազգային դաստիարակության առանցք: Հրաժարումն այդ գաղափարների քարոզչությունից համազոր է ինքնասպանության:
 
Ժողովուրդը պետք է նույնանա իր հայրենիքի հետ: Անկախ հայրենիքը և պետականությունը պետք է լինեն յուրաքանչյուր հայի բարձրագույն գաղափարը: Հայը Հայրենիքից կտրվելը պետք է համարի ողբերգություն: Ապրում և գոյատևում են այն ժողովուրդները, որոնք անձնազոհաբար պայքարում են իրենց հայրենիքի անկախության համար: Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես հայի, կործանման սկիզբը: