Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը, իսկ հուլիսին գործազրկության մակարդակը աճել է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 7,5 տոկոսի նշագծին: Այդ մասին ասված է Ազգային վիճակագրական բյուրոյի հայտարարության մեջ:
 
«Հուլիսին գործազրկության մակարդակը աճել է մինչեւ 7,5 տոկոս, իսկ գործազուրկների թիվն աճել է գրեթե 16 հազարով: Առաջին անգամ ավելի քան մեկ միլիոն ավստրալացիներ մնացել են առանց աշխատանքի, գրանցվել են որպես անզբաղներ կամ գտնվել են աշխատանքի ակտիվ որոնման մեջ»,- նշված է բյուրոյի ղեկավար Բյոռն Ջարվիսի հայտարարության մեջ:
 
Նաեւ հաղորդվում է, որ գործազուրկների ընդհանուր թվի ավելացում է արձանագրվել չնայած նրանց քանակի զգալի ավելացմանն, ովքեր հուլիսին գտել են աշխատանք (114 700 մարդ): Հուլիսի վերջին երկրում զբաղվածների թվը տակավին կես միլիոնով քիչ է, քան մարտին:
 
Բյուրոյում գործազուրկների թվի նոր աճ են կանխատեսում օգոստոսին, երբ շուկան կարձագանքի Վիկտորիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքին, եւ ապա հոկտեմբերին, երբ կդադարեցվեն նպաստների վճարումներն աշխատանքը կորցրածներին կառավարական ծրագրի շրջանակներում: Ավստրալիայի պահուստային բանկի կանխատեսման համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը 2020 թվականի վերջին կհասնի 10 տոկոսի եւ կկազմի առնվազն 7 տոկոս հետագա երկու տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: