Վերջին տարիների ակտիվ վարկավորման և վարկառուների եկամուտների դանդաղ աճի հետևանքով վարկային բեռը Հայաստանում չափից դուրս ծանրացրել է։ Դա նկատելի է հատկապես շուկայի առանձին սեգմենտներում, որոնք կապված են տնային տնտեսությունների հետ։
 
Բանկային համակարգի համար «գերտաքացման» ռիսկերը թուլացնելու ակնկալիքով՝ Կենտրոնական բանկը տևական ժամանակ մտածում էր վարկերի տրամադրման գործընթացում որոշակի սահմանափակումներ կիրառելու մասին։ Նախատեսվում էր դա անել արդեն այս տարի։ Սակայն համավարակից հետո ԿԲ-ն կարծես հրաժարվել է այդ մտադրությունից։ Պատճառաբանությունն այն է, որ վարկային շուկայի սահմանափակող գործիքակազմ կիրառելու անհրաժեշտություն չկա, որովհետև համավարակն ինքնըստինքյան այն ապահովել է։
 
Համավարկի հետևանքով իսկապես վարկային շուկայում տեղի ունեցան երևույթներ, որոնք որոշ չափով թուլացրեցին բանկային համակարգի «գերտաքացման» ռիսկերը։ Նվազեց, մասնավորապես, վարկային ակտիվությունը։
 
Բավական կտրուկ անկում տեղի ունեցավ ապրիլին։ Մարտին բանկերի վարկային պորտֆելն անցնում էր 3 տրիլիոն 411 մլրդ դրամից։ Ապրիլին այն իջավ 3 տրիլիոն 348 միլիարդի, իսկ մայիսին՝ կազմեց 3 տրիլիոն 393 մլրդ դրամ։ Խոսքը ռեզիդենտներին տրված վարկերի մասին է։
 
Վարկային շուկայում տեղի ունեցած այս փոփոխություններն արտահայտվեցին հատկապես սպառողական վարկերի ոլորտում։ Վարկային շուկայի երբեմնի ամենաարագ աճող հատվածը սկսեց պասիվություն ցուցաբերել, ինչը երկար ժամանակ չէր եղել։ Ինչպես ապրիլին, այնպես էլ մայիսին տեղի ունեցավ սպառողական վարկերի պորտֆելի նվազում։ Մշտապես դրսևորվող ակտիվությունից հետո, 2 ամսում այն 8 մլրդ դրամով կրճատվեց, թեև շարունակեց մնալ բանկային համակագի վարկային ամենամեծ հատվածը։
 
Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը վերջին տվյալներով հասնում մոտ է 2 մլրդ դոլարի։
 
Սպառողական վարկերի շուկայում տեղի ունեցող այս դրսևորումները հիմք տվեցին ասելու, որ բանկերը սկսել են զգուշավորություն ցուցաբերել այդ հատվածի վարկավորման գործընթացում։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ նվազում են մարդկանց եկամուտները, բնակչության հետագա ծանրաբեռնումը վարկային բեռով կտրուկ ավելացնում է բանկային համակարգի ռիսկերը։
 
Սակայն հունիսին սպառողական վարկերի շուկայում կրկին ակտիվություն դիտարկվեց։ Վարկային պորտֆելը 1 ամսում ավելացավ գրեթե 12 մլրդ դրամով։ Հիմա արդեն այն ամբողջությամբ հետ է բերել կորցրածը։ Թեև դեռ շուտ է ասել, թե ինչպես կպահի իրեն շուկան առաջիկա ամիսներին։ Սոցիալական իրավիճակի սրացումը մեծացնում է սպառողական վարկերի պահանջը։ Սակայն մյուս կողմից՝ դա ստիպում է բանկերին ավելի զգուշավոր քաղաքականություն իրականացնել։
 
Այս շուկան ամենածանրաբեռնվածն է, և տնտեսական ու սոցիալական ճգնաժամի պայմաններում ռիսկերն անհամեմատ մեծանում են՝ անգամ նոր վարկերի տրամադրումից հրաժարվելու պայմաններում։ Տեղի է ունենում վարկառուների եկամուտների նվազում, շատերը կորցնում են իրենց աշխատանքը, ու դա բերելու է վարկային ռիսկերի խորացման։ Դրանք գուցե դեռ չեն սկսել լիարժեք արտահայտվել, բայց միանշանակ է, որ նման իրավիճակից խուսափել գրեթե անհնարին կլինի։
 
Շուտ թե ուշ բախվելու ենք վարկերի վերադարձման դժվարությունների հետ, եթե արդեն չենք բախվել։ Հատկապես որ, սպառողական վարկերը վարկային շուկայի ամենածանր հատվածներից մեկն է, եթե ոչ՝ ամենածանրը։
 
Թե ինչքանով կհաջողվի առանց մեծ կորուստների դուրս գալ այս իրավիճակից, կտեսնենք առաջիկայում։
 
Ամեն դեպքում, գոնե նոր սպառողական վարկերով համակարգը չծանրաբեռնելը կարող է որոշ չափով մեղմել հետագա սրացումները։ Չնայած այս փուլում, ինչպես տեսնում ենք, բանկերը վերսկսել են ակտիվ վարկավորումը, ինչը տեղի է ունենում մարդկանց եկամուտների կրճատման պայմաններում։ Սա մեծացնում է վարկային շուկայի ռիսկերը։
Վարկային շուկայի ռիսկերի ակտիվացում է տեղի ունենում ոչ միայն սպառողական, այլև հիպոթեքի դեպքում։ Ապրիլյան նվազումից հետո հիպոթեքի շուկայում վարկային պորտֆելն ամբողջությամբ վերականգնվել է և վերսկսել է ավելանալ։ Չնայած շատ բան այստեղ դեռ անորոշ է։
 
Հիպոթեքի հետ կապված՝ տնտեսական ու սոցիալական իրավիճակից բացի, ի հայտ են եկել որոշակի նոր կարգավորումներ, որոնք կարող են ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։
 
Համավարակից հետո վարկային շուկայում նկատվեց տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության հատվածի նկատմամբ բանկերի «հետաքրքրությունների» անկում։ 2 ամիս անընդմեջ արձանագրվեց վարկային պորտֆելի նվազում։
 
Հունիսին ակտիվություն արձանագրվեց, թեև դեռ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ։
 
Տնտեսությունը վարկերով ծանրաբեռնելը որքան էլ՝ գուցե պարտադրված, նույնքան վտանգավոր երևույթ է։ Հատկապես այն ոլորտներում, որոնք վերջին շրջանում հայտնվել են ծանր ֆինանսական իրավիճակում և իրենց գոյությունը պահպանելու համար ստիպված են օգտվել վարկային կապիտալից՝ չիմանալով, թե ինչ է իրենց սպասվում առաջիկայում։
 
Մի պահ արձանագրված նվազումից հետո՝ բանկերի վարկային պորտֆելը վերականգնվել է շինարարության մեջ։ Կա նաև աճ, բայց, ինչպես հիպոթեքի դեպքում, այստեղ ևս անորոշությունները շատ են։ Դրանք կապված են թե՛ անշարժ գույքի շուկայում ձևավորված իրավիճակի, և թե՛ օրենսդրական նոր, ինչպես նաև՝ սպասվող կարգավորումների հետ։
 
Վարկավորման ոլորտի այս փոփոխությունները վկայում են, որ համավարակն իր ուղղումներն է մտցրել նաև վարկային շուկայում. տեղի է ունեցել բանկերի վարկային պորտֆելի աճի դանդաղում։ Երկրորդ եռամսյակում բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են ընդամենը 44 մլրդ դրամով։
 
Աճը մեծ չէ, բայց դա դեռ հիմք չէ մտածելու, որ վարկային շուկայի «տաքացման» կամ «գերտաքացման» ռիսկերը վերացրել են։ Տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք նույնիսկ համավարակից հետո նկատվող վարկավորման փոփոխությունների պայմաններում շարունակում են շուկան պահել բարձր ռիսկի գոտում։ Կրճատվում են մարդկանց եկամուտները՝ հանգեցնելով վարկունակության անկման։
 
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ