Մինչ պաշտոնանկությունից հետո առաջին խոստացված ասուլիսը կամ բաց և անկեղծ զրույցը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին՝ ողջերին եւ զոհերին։
 
«Եվ առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին եւ Գեւորգ Վարդանյանին․ այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց եւ մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին եւ բոլոր նրանց, ովքեր հիշում եւ այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- նշեց Սերժ Սարգսյանը՝ խոստանալով՝ ասուլիսին մեր հանրությանը հասցնել Ապրիլյանի մասին ողջ իրականությունը՝ զերծ շահարկումներից և կեղծիքներից։
 
Սարգսյանն իր նախաբանում ասաց, որ պատրաստ է պատասխանել լրագրողների ցանկացած հարցի։ Մինչ հարցուպատասխանին անցնելը, Սերժ Սարգսյանը հայտնեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հենց սկզբում հնչեցված ներածական խոսքը․հանձնաժողովի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն էր  ձեռք բերել ցանկացած պահի հրապարակել իր ներածական խոսքը, որն առաջարկել էր կցել նիստի պաշտոնական արձանագրությանը։
 
Սարգսյանն իր այդ խոսքում նաև պարզաբանել է, թե ինչու որոշեց ընդունել հրավերը և գալ ու պատասխանել հնչեցվելիք, հիմա արդեն՝ հնչեցված հարցերին, չնայած աջակիցներից ու համախոհներից շատերը նրան խորհուրդ են տվել օգտվելու մերժելու իր հնարավորությունից՝ հիմնավորմամբ, որ սա քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմիցս կանխակալ վերաբերմունք են արտահայտել։ Սակայն ընդունել է հրավերը, որպեսզի գնա ու նայի նրանց աչքերին ու հասկանա, որ կա՞ մեկը, որը դույզն -ինչ կասկած ունի Ապրիլյանում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է հիմնավորել, թե ինչպե՞ս է էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը՝ պարտվել։