Մինչ այդ հանդիպումը արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ. ճիշտ է, որ այն 100 տոկոսով չէր պահպանվում, բայց այնուհանդերձ հայտարարվել էր: Այս մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի մակարդակով կայացած հանդիպմանը, որից հետո ռազմական լայնածավալ գործողությունները դադարեցին:
 
«Գեներալ Յուրի Խաչատուրովն (նա Ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը. Tert.am ) ինձ ասաց, որ իրեն զանգահարել է ՌԴ գլխավոր շտաբի պետը և ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել և խոսել հրադադարի թեմայով: Խաչատուրովն էլ ասել է, որ ինքը պատրաստ է հանդիպման Թիֆլիսում, որովհետև շատ մոտ է, և ռազմական գործողությունները վերսկսելուց հետո կարճ ժամանակում կարող է հասնել ՀՀ, որովհետև ակնհայտ է` Գլխավոր շտաբն է ղեկավարում ռազմական գործողությունները, և պետք է ասեմ՝ արվել է շատ լավ, և ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ Գլխավոր շտաբի կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից»,-մանրամասնեց Սարգսյանը՝ նշելով, թե, այնուամենայնիվ, հանդիպումը կայացել է Մոսկվայում:
 
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում բազմաթիվ մեղադրանքներ են եղել սպառազինության, զենքերի որակի, դիզվառելիքի և սպայական կազմի աշխատանքի որակի մասին, և հարցին՝ ինչու՞ իշխանության կողմից չեղավ արձագանք, վերաբերմունք նաև իրավական հարթությունում, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. «Դրա անհրաժեշտությունը չէի տեսնում, որովհետև այդ ապատեղեկատվությունը կամ կեղծիքները, որ հրապարակվում էին, շատ նեղ շրջանակներում էին շրջանառվում: Մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ, և դրանց արդյունքները մեզ համար գոհացուցիչ էին. մեր հանրության 80 տոկոսից ավելին համարում էր, որ դա հաղթանակ է»,-ասաց նա՝ նշելով, թե հետո էլ նպատակահարմար չէր.
 
«Արդեն 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո շատ դժվար էր հանգիստ պայմաններում խոսել Ապրիլյան պատերազմի մասին: Անհրաժեշտություն կար, որ մարդիկ ժամանակի ընթացքում գան նորմալ վիճակի, այդ հուզական վիճակը վերանա, և ունակություն ունենային հանգիստ խոսելու այն մասին, ինչն իրականությունն է: կարծում եմ՝ մենք հիմա դրանով ենք զբաղված»,-ասաց Սարգսյանը: