2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Յուրի Խաչատուրովը, և մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որը պետք է լիներ մեր առավելագույն և նվազագույն խնդիրը. այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Մոսկվայում կրակի դադարեցման համաձայնագրի գործընթացում, ինչպիսի՞ն էր Ռուսաստանի դերակատարումը:
 
Նրա խոսքով`առավելագույն խնդիրը պետք է լիներ պահանջել ադրբեջանցիներից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնել, այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց հետ վերադարձը դիրքեր. «Բայց մենք հասել ենք նվազագույնին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել և 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, որովհետև այն ունի մշտական բնույթ»:
 
Դիտարկմանը, թե Ապրիլյան պատերազմի համար մեր զոհերի համար Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք և պատրաստ եք, արդյո՞ք, նրանց ընտանիքներից ներողություն խնդրել, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
 
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների և զինվորների համար, այլ նաև արցախյան առաջին պատերազմում բոլոր զոհվածների համար: Ես պատասխանատվություն եմ կրում այն զինվորների ու սպաների համար ովքեր զոհվել են 1988-ից սկսած, թույլ տվեք ասել, մինչև այսօր: Բայց «ներողություն» բառը ճիշտ բառը չէ, ես իմ երախտագիտությունն ու խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին, և կոչ եմ անում շատ ուշադիր լինել այդ ընտանիքների նկատմամբ»:
 
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հասարակության ճիշտ վերաբերմունքը այն խթաններից մեկն է, որ մեր այսօրվա և վաղվա սպաներին և զինվորներին պետք է դրդի և համոզի, որ նրանք շատ ամուր պահեն հայրենիքի սահմանները և եթե անհրաժեշտություն լինի, ապա պահեն իրենց կյանքի գնով:
 
«Դա մեր, մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է, անկախ նրանից, որ շատերը դրանից խուսափում են, «ներողություն»-ն այն բառը չէ, մենք հաղթել ենք, փառք Աստծո մենք, այսօր ունենք ազատ, անկախ Արցախ, մենք այսօր ունենք մարտունակ զինված ուժեր և այդ ամենը մեր զոհված տղաների գործի արդյունքն է: Ես իմ խոնարհումն եմ բերում նրանց ընտանիքների և նրանց հիշատակի առջև»: