Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Հայրենիք» կուսակցության խմբի՝ Արցախ կատարած այցի մասին։ Ինչպես հայտնի է՝ մի քանի օր է քննարկվում է, որ Արցախի նախագահը մերժել է հանդիպել Արթուր Վանեցյանի եւ նրա թիմի հետ։ Այսօր լուր տարածվեց, որ հանդիպումն, այնուամենայնիվ, կայացել է, բայց սեղանի շուրջ։
 
Մեզ ասացին, որ հանդիպել են անգամ ոչ մեկ անգամ, այլ մի քանի՝ ճաշել են, զրուցել են, Արայիկ Հարությունյանը մի խումբ մարդկանց ներկայությամբ խմել է Վանեցյանի կենացն ու գովաբանել նրան։ Պայմանավորվածություն է եղել, որ հետո պաշտոնական հանդիպում տեղի կունենա։ Երբ այդ մասին տեղեկացել է Նիկոլ Փաշինյանը, զանգահարել է եւ «շան լափ թափել» Արցախի նախագահի գլխին՝ ասել է, որ մի շաբաթից գալու է Արցախ եւ հատ-հատ պատասխան են տալու նրանք, ովքեր համարձակվել են ընդունել Արթուր Վանեցյանին։ Հատկապես «գժված» է եղել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի վրա, ով շատ լավ ընդունելության է արժանացրել «Հայրենիքի» ներկայացուցիչներին։
 
Փաշինյանը սպառնացել է Բաբայանի հարցերը իր ձեռքով լուծել։ Դրան հաջորդել է Արայիկ Հարությունյանի խոսնակի հայտնի հայտարարությունը, որով փորձել են մեղմել ՀՀ վարչապետի զայրույթը, բայց ավելի մեծ պատմության մեջ են ընկել՝ հիմա էլ հասարակությունն է քննադատում եւ դատապարտում նրանց՝ ստրկամտության եւ ոչ կոռեկտ քաղաքական հայտարարության համար։