Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ռուսական Труд պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։ Ի պատասխան այն հարցին, թե ինչ է պետք սպասել հայ-ադրբեջանական հուլիսյան սրացումից հետո, եւ հնարավոր է արդյոք, որ լայնամասշտաբ ռազմական բախում լինի, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է․
 
«Հուլիսի 12-16-ը տեղի ունեցած սահմանային բախումը ամենից մասշտաբայինն էին 2016-ի ապրիլից հետո՝ մեր աջակցությամբ 1994 թվականին կնքված Հրադադարի համաձայնագրի խախտումների շարքում։ Առաջին անգամ 26 տարվա մեջ, բարձր ինտենսիվությամբ զինված բախումները՝ դաշտային հրետանու, նռնականետերի եւ հարվածային անօդաչուների կիրառությամբ տեղի ունեցան ոչ թե Ղարաբաղյան շփման գոտում, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի տեղամասում։ Բախմանը հանգեցրին մի շարք պատճառներ։ Իհարկե հիմքում Ղարաբաղյան խնդրի չլուծվածությունն է։ Դրան գումարած սահմանի երկու կողմերում հանրային հարթակների չափազանց թեժացումը։ Յուրօրինակ պատճառ դարձավ նաեւ աշխարհագրական գործոնը․ հայկական կողմը որոշեց վերստին օգտագործել  հին սահմանային КПП-ն, որը գտնվում է ադրբեջանական էքսպորտային խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, ինչը առաջացրեց որոշների լուրջ անհանգստությունը եւ մյուսների չարդարացված ռեակցիան, որի արդյունքում էլ սկսվեց ուժային դիմակայություն՝ ամենից անկանխատեսելի հետեւանքներով։ Իրավիճակը կայունացնելու համար հուլիսի 13-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմեց կողմերին, կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Ունեցա հեռախոսազրույցներ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ, Ռուսաստանում ազգությամբ հայ եւ ադրբեջանցի մարդկանց միավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Երկու համայնքներն էլ պետք է ամբողջապես հասկանան, որ պատասխանատվություն ունեն Ռուսաստանի օրենսդրության պահպանման եւ կատարման հարցում եւ նաեւ՝ այն մթնոլորտի ձեւավորման հարցում, որը բարենպաստ կերպով կազդի Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների նորմալացմանը։ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Ի․ Վ․ Պավլովը այդ ողջ ընթացքում կապի մեջ է եղել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Ռուսական կողմի ակտիվ միջնորդությամբ թեեւ ոչ առաջին անգամից, սակայն կարողացանք կրկին վերահաստատել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 16-ին։ Օգոստոսին իրավիճակը առավել կամ պակաս չափով կայունացավ։ Սահմանին եւ շփման գոտում հարաբերական անդորր է։ Հույս ունենք, որ բանակցությունները հնարավորինս շուտ կսկսվեն»։