Հանձնաժողովի անդամը պետք է ճանաչված լինի
Սահմանադրության 122-րդ հոդվածին համապատասխան՝ կազմավորվելու եւ գործելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ որպես ինքնավար մարմին, որն ունենալու է լայն լիազորություններ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմված է լինելու 5 անդամից։ Եթե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նշանակվել են ՀՀ նախագահի կողմից` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի նախագահների, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին նշանակելու է Ազգային ժողովը՝ մրցութային հիմունքներով։ Ընդ որում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Ազգային ժողովը հանձնաժողովի առաջին կազմի 3 անդամներին նշանակելու է վեց, իսկ 2 անդամներին` չորս տարի ժամկետով, հիմք ընդունելով յուրաքանչյուր թեկնածուի համար մրցութային խորհրդի ներկայացրած պաշտոնավարման ժամկետները։
 
Էդգար Շաթիրյանը, հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքին, նշեց, որ կանխարգելման հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի բարձրագույն կրթություն, առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ ճանաչում: Ընդ որում՝ հիշյալ օրենքում դրույթներ են բովանդակվում հանձնաժողովի անդամների անձեռնմխելիության վերաբերյալ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները բավարարում են վերոնշյալ պահանջներին, իսկ թե ովքեր կնշանակվեն կազմավորվելիք մարմնի անդամներ, կորոշի օրենսդիրը: Հանձնաժողովի անդամն ասաց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչեւ 2018 թվականի հունիս ամիսը, իսկ մինչ այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները կշարունակեն պաշտոնավարել: Ստեղծվելիք հանձնաժողովն իրավասու է լինելու նաեւ հայտարարագրմանն առնչվող խախտումների համար հայտարարատուների նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան նյութերն ուղարկել դատախազություն: