Հետազոտողները մշակել են նոր տեսակի պլաստիկ, որը, ըստ նրանց, կարելի է վերամշակել անսահման անգամ: Պլաստիկների մեծ մասը զգալիորեն քայքայվում են հալվելուց եւ վերստեղծումից հետո, ինչը սահմանափակում է դրանց օգտագործումը վերամշակման գործընթացում: Սակայն վերջին նորամուծությունը ստեղծվել է՝ օգտագործելով այլ տեսակի պլաստիկ, որը կոչվում է PBTL, որը պատրաստված է «բիցիկլիկ տիոլակտոն» կոչվող քիմիական շինարարական բլոկներից, հայտնում է Planet-Today-ը:
 
PBTL-ը պահպանում է իր ամբողջականությունը՝ անկախ նրանից, թե քանի անգամ է այն կոտրվում եւ վերականգնվում: Հետազոտողները կարծում են, որ նոր պլաստիկը կարող է օգտագործվել ավտոմոբիլային մասեր եւ շինանյութեր պատրաստելու համար, ինչը կօգնի կրճատել միլիոնավոր տոննա պլաստիկ, որը տարեկան աղտոտում է շրջակա միջավայրը։
 
Պլաստիկը բաղկացած է մեծ մոլեկուլներից, որոնք կոչվում են պոլիմերներ, որոնք էլ իրենց հերթին կազմված են ավելի պարզ միացություններից, որոնք կոչվում են մոնոմերներ: PBTL-ի երկարակեցությունը ստուգելու համար հետազոտողները վերամշակել են մի խմբաքանակ` 24 ժամվա ընթացքում կատալիզատորի առկայությամբ հալեցնելով 100 աստիճանում:
 
Այնուհետեւ թիմն օգտագործել է ստացված մոնոմերը` պատրաստելու համար PBTL-ի նոր խմբաքանակ, որը նույնքան պինդ է եղել, որքան բնօրինակը: Հետազոտողները ենթադրում են, որ այս գործընթացը կարող է կրկնվել կրկին ու կրկին, հնարավոր է՝ անվերջ:
 
Սակայն PBTL-ն ունի առնվազն մեկ թերություն՝ այն չի կարող վերամշակվել պլաստիկի այլ տեսակների հետ: Այն հարկավոր է առանձնացնել աղբարկղերում եւ թափոնների համար կենտրոններում: Այս նոր պոլիմերը, էներգետիկայի նախարարությանը կից Լոուրենս Բերքլիի ազգային լաբորատորիայի գիտնականների կողմից մշակված PDK պլաստիկի հետ միասին, կարող է իջեցնել արտադրական ծախսերը եւ նվազեցնել աղբի մեջ հայտնվող կամ շրջակա միջավայրը կեղտոտող պլաստիկի քանակը:
 
Հարկ է նշել, որ տարեկան արտադրվում է ավելի քան 300 միլիոն տոննա պլաստիկ, որի կեսը նախատեսված է կարճաժամկետ մեկանգամյա օգտագործման համար: Ընդ որում՝ մշակվում է պլաստիկի առնվազն 20%-ը: Մնացածը այրվում է, թափվում աղբի մեջ կամ ընկնում շրջակա միջավայր: Այսպես, միայն անցյալ տարի օվկիանոս է թափվել ավելի քան 8 միլիոն տոննա պլաստիկ: