Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, որով խնդրում էր օգնել նորօրյա հերոս Ալբերտ Դալլաքյանին՝ արտերկրում վիրահատվելու համար, պաշտոնյայի համար շատ խոցելի, վտանգավոր քայլ էր։ Դա առիթ է, որ ՊՆ-յան համակարգի նկատմամբ մարդկանց ողջ ցասումը դրսևորվի։ Քննադատական գրառումները մի կողմ թողնենք։ Պաշտոնյայի նկատմամաբ հանրության վերաբերմունքին տեղյակ ենք։
 
Դժվար է պատկերացնել անգամ, թե Վիգեն Սարգսյանն է օգնության խնդրանքով ֆեյսբուքյան էջում գրառում արել, մի երկու օր առաջ խոսվում էր կեղծ պրոֆիլի մասին։ Կուզեի այդպես լիներ։ Թշնամին չտեսներ, թե մեր մեր պաշտպանության նախարարությունն անզոր է։ Բայց ոչ, և՛ նախարարը, և՛ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում են, որ գրառումը հենց Վիգեն Սարգսյանն է արել։
 
Գումարը հավաքվում է և կհավաքվի անպայման, բայց ինձ չի հուզում մեծ գումարներ փոխանցողների քայլերը, մի տեսակ անհաղորդ եմ քննադատողների և գովաբանողների հանդեպ, ինձ մի փոքրիկ գրառում է հուզում․
 
Artur Ter-Meliksetyan
 
10 դրամ ես կփոխանցեմ անպայման:
 
Կասեք՝ հեգնանք է։ Ո՜չ, հազա՜ր ոչ։ հետագա գրառումները դա են փաստում։ Դա Աստծո զոհասեղանին իր ունեցածը դնելու հուզիչ քայլ է, ամենահուզի՜չը։ Նա չի ասում, որ մեզ թալանեցիք, չի ասում որ փող չունի․․․ սա եմ կարողանում ու սա եմ անում․․․Փողը ծանր վիճակում հայտնված զինվորին է անհրաժեշտ, նախարարին կարող են հեգնել, բայց զինվորին՝ ոչ, հազար ոչ։ Ու չնայած, նորից եմ ասում, Վիգեն Սարգսյանի նման գրառմամբ հանդես գալը մեղմ ասած ռիսկային է, բայց շարքային քաղաքացին մնում է իր բարձունքի վրա՝ երբեք չի իջնում, կորցնում մարդկային վեհ արժանիքները։
 
ՀԳ Մոռանում եմ անգամ, որ նախարարը չպիտի ի՛նքը խնդրեր, մոռանում եմ՝ այս հուզիչ դրվագի շնորհիվ։
 
Ուրի՜շ ենք մենք։
 
Հասմիկ Բաբաջանյան