Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկզբում՝ տեսաուղերձների ձևաչափով, ապա՝ առանձին ասուլիսով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։ Նախագահ Ս. Սարգսյանի հրապարակային մի շարք հայտարարություններին ամենատարբեր հարթակներով անդրադարձան քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում: 168.am-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ զրուցել է այդ հայտարարությունների, Ապրիլյան քառօրյայի շուրջ վերջին քննարկումների, ինչպես նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի՝ «Ազատություն ռադիոկայանի» եթերում հնչեցրած հայտարարությունների մասին:
 
Սամվել Բաբայանը պնդում է, որ Ապրիլյան քառօրյան՝ պատերազմ չի եղել, այլ դիվերսիոն գործողություն, ի՞նչ է ստացվում, ըստ Սամվել Բաբայանի, ռազմական ու քաղաքական գործիչները, հասարակությունը ցայսօր սխա՞լվել են Ապրիլյան ռազմական գործողությունները պատերազմ կոչելով: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:  
– Նսեմացնել հայոց բանակի իրական հաղթանակը, ակամայից տարածել թշնամու քարոզչական թեզերը, արտաբերել այդ թեզերը Լեռնային Ղարաբաղի ազատագրման հարցում մեծ ավանդ ունեցող մարդու շուրթերով, իհարկե, ազգային ողբերգություն է, աղետ է: Աղետ է, երբ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են Արցախի ազատության համար, այսօր, ելնելով իրենց ճղճիմ քաղաքական օրակարգից, պատրաստ են մի բուռ ցեխ ավել շպրտել այն մարդկանց ուղղությամբ, որոնց ավանդը երկու պետությունների և բանակի կայացման գործում անուրանալի է:
 
Զավեշտ է դիվերսիա համարել ռազմական գործողությունները, որի ընթացքում ադրբեջանական կողմն օգտագործում է իր գրեթե ողջ զինանոցը՝ ներառյալ Սմերչերը, հարվածային դրոնները ու դա անում է մի քանի ճակատով: Իրականում Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցն էր դիվերսիա, դիվերսիա էր մեր բանակի դեմ:
 
Սամվել Բաբայանի դիվանագիտական գիտելիքներին, պատկերացումներին գուցե չանդրադառնամ՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ պատկերացումները, իր իսկ բառապաշարով ասած, «պլինտուսից ներքև են»:
 
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հնչեցրած հերթական պնդումն այն էր, թե «տարածքներ կորցնողը չի կարող հաղթանակի մասին խոսել»:
– Մինչև զինադադարի կնքումը՝ 1993-94 թթ., հայկական ուժերն իր ղեկավարությամբ բազմաթիվ տարածքներ են զիջել ադրբեջանցիներին. ի՞նչ՝ հիմա դա հաղթանակ չէ՞: Արդյո՞ք Արցախյան ազատամարտի հաղթական լինելու փաստը մենք պետք է հարցականի տակ դնենք, քանի որ որոշակի տարածքներ, մինչև զինադադարի կնքումը՝ Սամվել Բաբայանի՝ բանակը ղեկավարելու օրոք, կորցրել ենք:
 
Արդյո՞ք պատերազմը չափվում է միայն այդ հանգամանքներով, իհարկե, ցավալի են տարածքային կորուստները, բայց պետք է վերահաստատել Սերժ Սարգսյանի կողմից արված պնդումը, որ Ապրիլյան պատերազմն ավելին էր, քան պատերազմ:
 
Ե՛վ ռազմաճակատում ձախողելով ադրբեջանական պլանները, և՛ դիվանագիտական ճակատում ամրացնելով հայկական բանակի ձեռքբերումները, հայկական պետություններն Ապրիլյան պատերազմում տարել են աներկբա հաղթանակ:
 
Ով այդ հաղթանակը դնում է հարցականի տակ, պարզապես ակամայից ծառայում է ադրբեջանական քարոզչամեքենային և «ալիևի ռեժիմի» թեզերն է տարածում: Երբ դա անում են, այսպես կոչված, սորոսական շրջանակները, այդ թվում՝ որոշ լրատվամիջոցներ Հայաստանում, ես մի կերպ կարող եմ եթե ոչ՝ հասկանալ, ապա՝ արձանագրել. նրանց օրակարգը վաղուց հակահայաստանյան է և հակաարցախյան է, իսկ երբ դա անում է պատերազմի թոհուբոհով անցած գեներալը՝ սա աղետ է:
 
Ըստ Ձեզ, ինչո՞ւ է հատկապես վերջերս քաղաքական օրակարգում հայտնվել Ապրիլյան պատերազմը, պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելու հարցը. սա ի՞նչ է տալու մեզ:
 
– Տարբեր մարդիկ տարբեր շարժառիթներ ունեն այդ ստորությունն անելու համար: Ոմանք ներքին մաղձ ունեն, ըստ ամենայնի, և անհագուրդ ցանկություն՝ հաճոյանալու Նիկոլ Փաշինյանին: Նրանց թվում է՝ քննադատելով Սերժ Սարգսյանին կամ Հանրապետական կուսակցությանը, կարող են է՛լ ավելի ամրացնել իրենց դիրքերը Նիկոլ Փաշինյանի մոտ: Ոմանց համար նպատակներն ավելի հեռահար են։ Ինչպես արդեն ասացի, Հայաստանում կան հստակ հակաարցախյան քարոզչություն իրականացնող գործիչներ և լրատվամիջոցներ, և, զարմանալիորեն, նրանց բոլոր պնդումները բառ առ բառ համընկնում են ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերի հետ (համոզվելու համար` Բաբայանի հարցազրույցը երեկ լսել եք, հիշեք ադրբեջանական ՊՆ արձագանքը Սերժ Սարգսյանի ասուլիսին. գրեթե նույն թեզերն են):
 
Մի՞թե այդքան կարելի է ատել սեփական պետությունն ու հայրենիքը, որ ներքին քաղաքական շահերի համար մրոտել ոչ թե Սերժ Սարգսյանին, ոչ թե Հանրապետականին, այլ մեր պետության նորագույն պատմության հանգուցային էջերից մեկը: Նրանք մի՞թե չեն հասկանում, որ մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը: