Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի ֆինանսական մայրաքաղաք Մումբայից հարավ ընկած հատվածում 5-հարկանի շենք է փլուզվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ և առնվազն 100 մարդ մնացել է փլատակների տակ, գրում է The Guardian-ը։
 
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մոտ 47 բնակարաններից բաղկացած շենքը, որտեղ բնակվում էր 200 մարդ, փլուզվել է երկուշաբթի երեկոյան։ Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի ներկայացուցիչ Սաչիդանանդ Գաուդեն լրագրողներին հայտնել է, որ կառույցի աշխատակիցները դուրս են բերել մեկ զոհի դին։
 
Հաղորդվում է, որ փրկարարական թիմերն աղետի վայրում հավաքված բնակիչների օգնությամբ դուրս են բերել ևս 28 մարդու։
 
«Ես կարծում եմ, որ շենքի փլուզման պահին ներսում գտնվել է 100-ից մինչև 125 մարդ»,- Reuters-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը։
 
Տեղական հեռուստաալիքներն աղետի վայրից կադրեր են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են տեղացիներն ու փրկարարական ուժերը փորձում փրկել փլատակների տակ հայտնված մարդկանց:
 
Դեպքի վայրում աշխատում է Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի երեք խումբ։
 
Աղետի պատճառը դեռևս հստակ չէ, սակայն հաղորդվում է, որ հունիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մուսոնային ուժեղ անձրևների պատճառով նման պատահարներ երկրում հաճախ են տեղի ունենում։