Հերո՛ս Հայ Ժողովուրդ
Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2020թ. առաջին յոթ ամիսներին աճել է ավելի քան 600 մլն դոլարով և շուտով կհատի 8 միլիարդ դոլարի սահմանը:
Նիկոլյան կառավարության չինովնիկները, որպես արդարացում, կարող են մեջբերել կորոնավիրուսը, իբրև թե չաշխատող տնտեսության պայմաններում երկրի կենսագործունեության ապահովման այլ ճանապարհ, քան պարտք վերցնելն էր, չկա: Սա, իհարկե, կլիներ ճիշտ և արդարացված, եթե իշխանությունը պարտք վերցներ միայն այս տարվա մարտից, երբ հայտարարվեց կորոնավիրուսային համավարակի մասին, սակայն, վերջին երկու տարում Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 1,3 միլիարդ դոլարով, ինչը նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ակտիվորեն պարտք է վերցրել նաև նախորդ տարի: Գործող ապիկար իշխանությանը չի հետաքրքրում Հայաստանի վաղվա օրը, չի հետաքրքրում Հայաստանի ապագան, չի հետաքրքրում ուրվագծված այն գալիք չարիքը, որ հաջորդ սերունդները ստիպված են լինելու իրենց երկրում ապրել ստրուկի կարգավիճակով, քանի որ իրենց աշխատանքի արդյունքը վայելելու են մեր երկրի պարտատերերը:
Հայաստանի այսօրվա օտարահպատակ իշխանությունն ամբողջապես թաղել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը: Խոստացված ներդրումները, որոնք իբրև թե Հայաստան պետք է հոսեին հեղափոխության հաղթանակից հետո, այդպես էլ մնացին որպես հեքիաթ, կամ հոգեկան հիվանդի զառանցանք: Փաշինյան Նիկոլի իշխանությունն իր ապաշնորհությամբ վանել է անգամ հայաստանաբնակ գործարարներին, և արդեն պարզ է, որ, քանի դեռ նա և իր թիմն իշխանության են, Հայաստանում ոչ միայն ներդրումներ չեն լինելու, այլ գործող ձեռնարկություններն էլ փակվելու են, և երկրում օրեցօր ավելանալու ու գերխնդիր են դառնալու գործազրկությունն ու աղքատությունը, և, որպես դրանց հետևանք, արտագաղթն ու դեպոպուլիզացիան․ստացվում է, որ նրանց նպատակն էլ հենց այն է, որ ՀԱՅ մարդն այնքան ողորմելի կենսապայմաններում ապրի, որ բացառապես մտածի օրվա հացի խնդիրը լուծելու մասին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ գործող իշխանության ժամ առաջ հեռացումն օրհասական խնդիր-պահանջ է: Հայ Ազգի համար կյանքի և գործունեության պայմաններ կարելի է ապահովել միայն իր սնանկությունն ապացուցած իշխանության շուտափույթ հեռացմամբ, և նոր՝ ազգային-պետական քրիստոնյա իշխանության ձևավորմամբ:
Մենք թույլ չենք տալու, որ ապաշնորհ ու ապազգային այս խմբակը, որը մինչ օրս գոյատևում է արտաքին պարտքն օրեցօր ավելացնելով, շարունակի անպատիժ վաճառել մեր հայրենիքի ու մեր սերունդների ապագան։
 
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան