Պայթյունի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Քննչական վարչությունը, զուգահեռ ԱԻՆ-ն է փորձաքննություն իրականացնում։
 
Առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված քառահարկ պանելային շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա։ Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
 
Ինչ վերաբերում է պայթյունի պատճառներին, ապա նախարարի խոսքով՝ դա ցույց կտա քննությունը. պայթյունի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Քննչական վարչությունը, զուգահեռ ԱԻՆ-ն է փորձաքննություն իրականացնում։
 
Նախարարը նշում է՝ բնակիչների թիվն ու անունները հայտնի են, սակայն փլատակների տակ այլ մարդիկ մնացել են, թե ոչ՝ այս պահին հայտնի չէ։
 
«Չեմ կարող ասել՝ մեկը հյուր է ունեցել, չի ունեցել»,- ասաց նա։
 
Նրա խոսքով՝ հաշվառումը շարունակվում է համատիրության, բնակիչների հետ, այս պահին այլ տեղեկություններ հայտնի չեն։