Բոլորիս մանուկ տարիքից ծանոթ է Հանս Քրիստիան Անդերսենի անունը, ում գրած հեքիաթների հերոսները, հնարավոր է, մեր մանկության անբաժան ընկերներն են եղել:
 
Նրա հեքիաթները թարգմանվել են ավելի քան 125 լեզուներով:
 
Եվ ի՞նչ կարող են դրանք այսօր մեզ տալ. երբեք չկորցնել մանկական հոգին, միշտ պահել մեր մեջ մաքուրը, գեղեցիկը, լինել հասանելի երեխաների համար և երեխաների պես: Նրա հեքիաթներում կարող ենք գտնել գաղափարներ, որոնք անհրաժեշտ են նաև այսօր՝ 21-րդ դարի մեր բուռն կյանքում:
 
Ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ նրա հեքիաթներից ու ստեղծագործություններից.
 
«Յուրաքանչյուր մարդու կյանքը հեքիաթ է՝ գրված Աստծո կողմից»:
 
«Այս աշխարհում մարդու համար կարևոր է ոչ թե այն, ինչ իրեն է շրջապատում, այլ այն, ինչ իր ներսում է»:
 
«Բոլորիս՝ և՛ իմ, և՛ քո սրտում, թաքնված են բոլոր չարությունների ու առաքինությունների սաղմերը: Դրված են դրանք այնտեղ շատ փոքրիկ, անտեսանելի սերմերի տեսքով, և հանկարծ սրտիդ մեջ մի արևի շող է ներս խուժում, կամ էլ մի չար ձեռք դիպչում այդ սերմին, դու շրջվում ես աջ կամ ձախ, և հենց այդ շրջադարձն էլ որոշում է ամեն բան: Փոքրիկ սերմը հետո շարժվում է, սկսում է ուռչել, ծիլ տալ, դրա հյութը խառնվում է մեր արյան հետ, և գործն արված է…»:
 
«Յուրաքանչյուր երևույթ այս կյանքում պետք է իր իրական անունով կոչել, և եթե իրական կյանքում վախենանք այդպես վարվել, ապա առնվազն հեքիաթում պետք է որ չվախենանք»:
 
«Մաքրությունը լավագույն գեղեցկությունն է»:
 
«Հեքիաթներից լավագույնն ինքը՝ կյանքն է»:
 
«Ես քեզ բարին եմ ցանկանում, այդ է պատճառը, որ նախատում եմ քեզ՝ այսպես են ճանաչվում իրական ընկերները»: