Մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ Գուրգենին շատ լավ է ճանաչում, քանի որ նա ոչ միայն իր համայնքի բնակիչն է, այլև հարևանը։
 
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։
 
«Գուրգենն ապրում է մոր, կնոջ և երեխաների հետ։ Մայրն ուսուցչուհի է, քոլեջում է դասավանդում։ Գուրգենը նաև քույր ունի, որն ամուսնացել, իր ընտանիքի հետ է ապրում։ Գուրգենն ինքը երկու աղջիկ ունի` 2 և 6 տարեկան։ Աղջիկներից մեկն այս տարի պիտի դպրոց հաճախի»,- ասաց Ավետիսյանը։
 
Նա պատմեց, որ Մարտունիում Ալավերդյանների ընտանիքը հարգված, սիրված է բոլորի կողմից։ Հաշտ ապրող, աշխատող ընտանիք են, սոցիալական խնդիր չունեն։
 
Ավելին, համայնքի ղեկավարի աղջիկն ու Գուրգենը նույն դասարանում են սովորել, և դասարանցիներն էլ միայն դրականը կարող են ասել նրա մասին։
 
Նշենք, որ ադրբեջանական կողմն այսօր տեսագրություն է տարածել, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ է կարդում, թե ուզում է մնալ Ադրբեջանում։ Համայնքի ղեկավարն ասում է, որ Գուրգենը` որպես իր «աչքի առաջ» մեծացած տղա, չի կարող նման ցանկություն ունենալ։
 
«Անհնար է, բացառվում է, այդ ընտանիքից դուրս եկող նման բան չի ասի և նման ցանկություն չի ունենա։ Գուրգենը երկու երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզի մնալ Ադրբեջանում։ Նա ոչ մի պատճառ չունի այնտեղ մնալու, բոլորը գիտեն այդ մասին»,- ասաց Ավետիսյանը։
 
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր հայտնել էր` Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Ծավալված գործընթացը, ըստ Ստեփանյանի, անորակ ավանդական բեմադրություն է։