Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոսել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման հետ կապված իրավիճակի մասին: Նա անհիմն է համարել Օմսկի բժիշկներին առաջադրված մեղադրանքները և կոչ արել գտնել դեպքի պատասխանատուներին: Այս մասին հայտնում է Լենտան։
 
«Ես չեմ հավատում, որ Օմսկում մեր բժիշկները ստում են, երբ ասում են այն, ինչ ասում են: Չեմ կարծում, որ գերմանացի բժիշկները ստում են, համոզված եմ՝ նրանք չեն ստում: Կարծում եմ, որ սա թերևս տարբեր մոտեցումների խնդիր է»,-բացատրել է իր դիրքորոշումը Պոզները:
 
Հաղորդավարը հավելել է, որ Նավալնին արդեն երկար տարիներ «զբաղվում է իր սեփական գործունեությամբ», բայց նրա հետ ոչ մի լուրջ բան չի պատահել, բացի մի քանի ձերբակալություններից: Պոզները նաև շեշտել է, որ չի հավատում, որ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը կարող է ներգրավված լինել ընդդիմադիրի թունավորման մեջ: Հաղորդավարի խոսքերով, դա նրանց համար «ծայրաստիճան ձեռնտու չէ»:
 
«Ռուսական կողմը պետք է բոլոր ջանքերը գործադրի՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Եթե ​​թունավորում է եղել, ապա ո՞վ է այս գործի նախաձեռնողը»,-ասել է Պոզները:
 
Հիշեցնենք, որ Նավալնիի առողջական վիճակը վատացել է օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ, ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում:
 
Տեղի հիվանդանոցում հետազոտությունից հետո բժիշկները նախնական ախտորոշումների շարքում անվանել են հալյուցինոգենով թունավորումը: Օգոստոսի 22-ին ընդդիմադիրին տեղափոխել են Գերմանիա, որտեղ բժիշկները հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է խոլինեսթերազի ինհիբիտորների խմբին պատկանող նյութով։
 
Նա արհեստական ​​կոմայի մեջ է: