Օգոստոսի 27-ին մահացել է ազգային-հասարակական գործիչ, բարերար, գործարար Լևոն Ահարոնյանը: Տեղեկությունը փոխանցում է իրանահայ «Ալիք» օրաթերթը:
 
Լևոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին, հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում:
 
1980-ական թվականներին երկար տարիներ եղել է Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ և ատենապետ։
 
Հայաստանի վերանկախացումից հետո նա առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում։
 
Գործչի անմիջական ջանքերով է կառուցվել Իրանը Հայաստանին կապող ժամանակավոր կամուրջը։
 
1993 թվականին նա իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առևտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։
 
Բարերարի միջոցներով է կառուցվել Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտեզը։
 
Նա բարերարությամբ է զբաղվել նաև Հայաստանում. նրա ներդրմամբ վերանորոգվել են դպրոցներ, հիմնանորոգվել է Հայաստանի Բնության թանգարանը:
 
Լևոն Ահարոնյանը եղել է նաև «Յոյս» հասարակական-մշակութային հանդեսի հիմնադիրը: