Ճանապարհին արդեն իմացանք, որ Անգեղակոթի 6 կմ-անոց հատված կա, որ 40 րոպեում են անցնում. Նախարարի հետ արդեն խոսել ենք, հաջորդ տարի այդ ճանապարհը կնորոգվի: Այս մասին, այսօր՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ՝ դիմելով անգեղակոթցիներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, որ գյուղացիենրը 14 կմ հատվածի խնդիր են բարձրացնում, որպեսզի նոր ճանապարհը հասնի մինչեւ հարակից գյուղ, Փաշինյանն էլ արձագանքեց, որ այդ դեպքում 2 փուլով կիրականացվի նորոգումը:
 
Գյուղացիներից մեկը դժգոհեց, որ խորհրդային ժամանակներից ի վեր կառավարության ոչ մի անդամ չի մտել Մուծք գյուղ: «Այդ գյուղ մտնելն անհրաժեշտ է, նախ սահմանամերձ է, ամբողջ բանակն էնտեղ լցված է: Տավուշի մարզը օգտվում է ամեն ինչից, մենք ոչ մի օգնություն չենք ուզում, մենակ ճանապարհը սարքես»,-ասաց նա:
 
Փաշինյանը նախ խոստացավ, որ ինքն անպայման կայցելի Մուծք, ապա կոչ արեց չհիշատակել մյուս բնակավայրերը. «Մի բան կարո՞ղ եմ խնդրել. Ուրիշ գյուղերի, ուրիշ մարզերի անուններ մի տվեք: Մի տնից չենք, մի հալից ենք, հարեւանի հարսը միշտ սիրուն էլինում: Իրենց թվում է, որ Տավուշում ամեն ինչ կա, իրենց մոտ չկա»:
 
 
Գյուղացիներից մեկն էլ հակադարձեց բողոքող գյուղացուն՝ ասելով. «Լիսկային գնում էին Պորտաքարից դիմավորում էին, ոտների տակը գառ էին մորթում, խի՞ էն վախտ պահանջ չէիր դնում, արա: Հիմա բորբոքված խոսում ես»:
 
Գյուղացիները շնորհակալություն հայտնեցին, որ սուբվենցիոն ծրագրով ջուրը հասել է Անգեղակոթ գյուղ. «Որակից նույնպես գոհ ենք»: