Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արցախում է:
 
ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում  հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում։
 
«Ցավոք ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների։ Սակայն մյուս կողմից մեր մարտավարությունն ու փոխգործակցության ռազմավարությունը չի փոփոխվում, քանի որ այդ սադրանքները մեզ համար կանխատեսելի են»,–ասել է ՀՀ վարչապետը։
 
Փաշինյանի խոսքով` Հայաստանն Արցախի հետ մեծ օրակարգ ունի` սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից մինչև Արցախի տնտեսության ու էներգետիկ ոլորտի զարգացում։
 
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետը մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնելու արարողությանը: