ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 
ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է.
 
«Պարզվել է, որ  Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:
 
Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
 
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
 
Իր հերթին ՍԱՏՄ-ն է հաղորդագրություն տարածել՝ նշելով հետեւյալը.
 
«Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
 
ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:
 
Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, և հիշեցնում է, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։
 
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ խմիչքի թունավորումից մահացել է 11 մարդ: