Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) աջակցել է կարանտինից հետո երկրների բացմանը և անվանել դրա համար մի քանի պայման: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսի խոսքերով, պետությունները պետք է վերահսկեն իրավիճակը երկրի ներսում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
 
«ԱՀԿ-ն ամբողջությամբ աջակցում է տնտեսությունները և համայնքները բացելու ջանքերին: Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես են երեխաները վերադառնում դպրոց, իսկ մարդիկ՝ իրենց աշխատանքին: Բայց մենք ուզում ենք տեսնել նաև, որ դա տեղի է ունենում անվտանգ պայմաններում: Որքան շատ են երկրները վերահսկում վիրուսը, այնքան ավելի շատ նրանք կարող են բացել իրենց սահմանները: Առանց վերահսկողության սահմանների բացումն աղետի բաղադրատոմս է»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը նաև թվարկել է չորս քայլ, որոնք, ըստ փորձագետների, յուրաքանչյուր երկիր պետք է ձեռնարկի նախքան բնականոն կյանքին վերադառնալը:
 
Նախ անհրաժեշտ է դադարեցնել վիրուսի փոխանցումը մարդկանց մեծ խմբերի շրջանում․ մարզադաշտերում, հանրային միջոցառումներում և եկեղեցիներում ծառայության ժամանակ:
 
Երկրորդ, կարևոր է պաշտպանել հիվանդության առավել խոցելի հատվածին, ինչը կնվազեցնի մահացությունը:
 
Երրորդ, բոլորը պետք է հետևեն անվտանգության միջոցառումներին. Դիմակ ու ձեռնոց կրեն, պահպանեն սոցիալական հեռավորությունը և լվանան ձեռքերը:
 
Չորրորդ, իշխանությունները պետք է շարունակեն թեստավորել, ժամանակին մեկուսացնել և բուժել պացիենտներին, ինչպես նաև հետևել նրանց շփումներին: