Ազգային ժողովը քննարկում է օրենքի նախագիծ, որով սեպտեմբերի 11-ից Հայաստանում արտակարգ դրությունը դադարեցվելու է, սակայն իշխանություններին հնարավորություն կտա կարանտին հայտարարել ինչպես առանձին շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ հանրապետության տարածքում:
 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հետաքրքրում է՝ արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է սեպտեմբերի 12-ից հետո կարանտին հայտարարել:
 
Նախագծի զեկուցող Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որը թույլ կտա առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայքարել համավարակի դեմ. «Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի ու ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել ու շարունակել պայքարը համաճարակի դեմ»: