«Արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում է այդ պատերազմը: Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը պատրաստված և պլանավորված կերպով ձեռնամուխ է եղել հարձակողական օպերացիայի: Այս մասին «Ռոսսիյա 1» հեռուստաընկերության եթերում ասել է ռուս գնդապետ, ռազմական փորձագետ և լրագրող Միխայիլ Խոդարյոնոկը:
 
«5 օրը շա՞տ է, թե՞ քիչ: Իսրայելը վեց օրվա ընթացքում գլխովին ջախջախեց Արաբական պետությունների կոալիցիոն բանակը, որը բազմիցս գերազանցում էր իսրայելական զինված ուժերին, Կարմիր Բանակը երեք օրվա ընթացքում գրավեց Կյոնիգսբերգը: Հինգ օրվա ընթացքում, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը չեն իրականացրել նույնիսկ ամենամոտ խնդիրը, մեկ օրվա խնդիր նույնիսկ չեն իրականացրել: Նախագահ Իլհամ Ալիևի համար ոսկե պահը բաց է թողնված, քանի որ ոչ մի նշանակալից արդյունք չկա այս պահին: Չի հաջողվել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը»,- ասել է ռուս գնդապետը:
 
Հաղորդավարի հարցին, թե դա ինչի՞ մասին է խոսում, արդյո՞ք դա նշանակում է, որ հայկական բանակը ավելի պրոֆեսիոնալ է, քան ադրբեջանականը. չէ՞ որ մենք տեղյակ ենք, որ ադրբեջանական բանակը ավելի լավ է զինված տեխնիկական տեսանկյունից, Միխայիլ Խոդարյոնոկը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, իրավմամբ, հագեցած են ժամանակակից ռազմական տեխնիկայով, սակայն բանակի ռազմական պատրաստվածության որակը մեծ հարցականի տակ է:
 
«Որպեսզի հասկանանք, թե Ադրբեջանի մոտ ինչու այնքան էլ լավ չի հաջողվում ռազմական գործողություններ վարելը, պետք է հայացք նետենք ինսունականներ: Ինչու նրանք այն ժամանակ պարտվեցին: Քանի որ զինվորական ծառայությունը երբեք հարգի չի եղել ադրբեջանական հանրության շրջանակներում: Ես անձամբ Սովետական Միության զինված ուժերում իմ ծառայության երեսուն տարիների ընթացքում չեմ տեսել ոչ մի օդաչու, որը կլիներ ադրբեջանցի: Իմ գործընկերներին էլ հարցրել եմ՝ հանդիպե՞լ են արդյոք ադրբեջանցու, նրանք էլ պատասխանել են՝ ոչ: Ժամանակին, երբ Ադրբեջանում տեղակայված էր Սովետմիության չորրորդ ռազմական բազան, այնտեղ պարբերաբար անցկացվում էին մոբիլիզացիոն զորավարժություններ, հրավիրում էին Ադրբեջանի քաղաքացիներին՝ նպատակ ունենալով նրանց պատրաստել հրետանային կամ օդային զինավարժություններում՝ որպես պահեստայինի: Դա շատ վատ էր հաջողվում, քանի որ ում հարցնում էին, նա կա՛մ խոհարար էր, կա՛մ հացթուխ, կա՛մ բանվոր: Հույս ունեմ՝ երեսուն տարվա ընթացքում նրանց հաջողվել է այս խնդիրները լուծել, սակայն ունե՞ն նրանք պահանջվող որակները, որոնք անհրաժեշտ են ռազմադաշտում՝ հաջողության հասնելու համար, ես այս պահին էլ վստահ չեմ դրանում: Այնպես որ Ադրբեջանի օպերացիան տապալված է: Ես նույնիսկ մտածում եմ, որ նրանց ռազմամթերքը սպառվելու վրա է, այնպես որ ևս մեկ-երկու օր, և այս պատերազմը կավարտվի»,- համոզմունք է հայտնել Միխայիլ Խոդարյոնոկը: