Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից: Այս մաիսն տեղեկացնում  ՊԲ-ն:
 
ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
 
Հիշեցնենք՝ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական զինուժը հարվածել է Գյանջայի ռազմական օդանավակայանին։
 
«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,– գրել է նա:
 
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Նա նշել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
 
«Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– գրել էր նա:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
 
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
 
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
 
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
 
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
 
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։