Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:
 
Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով: Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ: 
 
 Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով: Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել: Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է: «Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է: 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է: Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է: Հարցաքննվեց Լևոն Մեսրոպյանը՝ Վարդենիսցի Լյովը: Նա ասաց, թե ամբաստանյալներից՝ Պետրոս Իսրայելյանին՝ «Չարբախցի Գեղամին» ճանաչում է շուտվանից: 2016 թվականի հոկտեմբերին վկային զանգել է նրա ծնոթներից՝ Արոն, նույն ինքը՝ Ճվճվ Արոն, ասել է, թե պառկած է հիվանդանոցում: Վարդենիսցի Լյովը շտապել է նրան տեսակցության: Լյովի հետ է եղել նաև «Չարբախցի Գեղամը»: Ճվճվ Արոն Լյովին հարցրել է՝ ճանաչո՞ւմ է վարդենիսցի Վահագնին: Վկան ասաց, որ Վարդենիսը փոքր քաղաք է, ինքը հասկացել է, որ խոսքը Վահագն Մանուկյանի մասին է:
 Ճվճվ Արոն ասել է, թե այդ Վահագնը ժամանակին իրենից պարտքով գումար է վերցրել, 18 հազար դոլարը վերադարձրել է, մնացել է 2 հազար դոլարը: Քանի որ ինքը հիվանդանոցում է, իրեն գումար է պետք, Վահագնն այդ փողը պետք է վերադարձնի: Վարդենիսցի Լյովն ասել է, թե կփոխանցի Վահագնին, «խնդիր չկա»: Երբ դուրս է եկել հիվանդասենյակից, իր հետևից դուրս է եկել նաև Մուշեղը՝ Մուշեղ Մուշեղյանը: «Նրան էլ սովորական ճանաչում էի»,- ասաց վկան: Մուշեղն ասել է, թե Արոն հիվանդ է, նրան գումար է պետք, իսկ Վահագնի պարտքն էլ ոչ թե 2, այլ 20 հազար դոլար է: Վարդենիսցի Լյովը գնացել է Վարդենիս, բարեկամների միջոցով «խաբար է արել» Վահագն Մանուկյանին, որ Արոն պարտքը պահանջում է՝ «Գնա Արոյին տես՝ հիվանդանոցում պառկած ա»: Վկան ասաց, որ նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահի ներքնահարկում կատարվածից միայն գիտի, որ երկու հոգի մահացել են: Վկան նշեց. «Ես ստեղ չէի, Ռուսաստանում էի, հիմա էլ հիվանդանոցում պառկած եմ, հիվանդանոցից եմ էկել»: Պատասխանելով հարցերին՝ վկան ասաց, որ ինքը «Չարբախցի Գեղամի» անուն-ազգանունը չգիտի: Վկան նշեց, որ տեղյակ չէ՝ դեպքից առաջ Վահագն Մանուկյանը «Չարբախցի Գեղամին» հանդիպե՞լ է, թե՞ ոչ. «Նա Արոյին պտի տենար…»: Վկան նշեց նաև, որ «Բդոյի»՝ ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ ինքը հեռախոսակապ չի ունեցել, նրա հետ հեռախոսով չի շփվել, օգտագործել է աներոջ անունով հաշվառված հեռախոսահամար: Երկրորդ վկան Միսակ Միրիջանյանն էր: Նա ասաց, թե ամբաստանյալներից ճանաչում է Ալիկ Բանդուրյանին ու Արմեն Գասպարյանին: 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում կատարվածի մասին կարդացել է համացանցում: Այդ գեղեցկության սրահի տեղն անգամ ինքը չի իմացել: 
 
 Ալիկ Բանդուրյանի հետ ծանոթացել է մոտ 6 տարի առաջ, երբ իր հայրը՝ հայտնի վիրաբույժ, վիրահատել էր Ալիկ Բանդուրյանի մայրիկին: Վկան ասաց, թե չի հիշում՝ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցածի օրը հեռախոսով խոսե՞լ, թե՞ չի խոսել Արմեն Գասպարյանի՝ «Բդոյի» հետ: Նախկինում եղել է, որ իրեն խնդրել են այս կամ այն հիվանդի մասին տեղեկություն իմանալ հոր միջոցով: Ինքը դա արել է միայն «օրենքի սահմաններում», այսինքն՝ ասենք՝ մարդու «կույրաղիքն էր վիրահատված, ես չեմ զլացել զանգել հիվանդանոց ու հարցնել նրա մասին՝ կատարելով նրա հարազատների խնդրանքը»: Վկան նշեց, որ ինքը Ալիկ Բանդուրյանին ու Արմեն Գասպարյանին՝ «Բդոյին», ճանաչել է առանձին-առանձին, իրեն չի հետաքրքրել՝ նրանք ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ: