168.am-ը գրում է.
 
Մարդիկ հիմա ինչո՞ւ են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին․ մեկ բանի համար, որովհետև 2.5 տարի առաջ իրենք իրենց կարծիքով՝ հաղթել են, և հիմա որևէ մարդ հոգեբանորեն չի ուզում իրեն պարտված զգալ և ասել՝ մենք սխալվել ենք:  Ժողովո՛ւրդ, դուք չեք սխալվել, Նիկոլն է բոլորին խաբել»,- կառավարության առջև լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ժողովուրդը իրականում հաղթել է այն իրավիճակին ու բարքերին, որը կար երկրում:
Լրագրողի այն դիտարկմանը, թե՝ Դուք հաճախ խոսում եք սպայի արժանապատվության մասին, սակայն տեսնում ենք, որ ուժային կառույցները շարունակում են մնալ իշխանության վերահսկողության ներքո, ըստ էության նաև հրահանգներն են կատարում և անգամ փոքր ակցիաների ժամանակ բիրտ ուժ կիրառում, և հարցադրմանը, թե սա ինչի՞ կարող է հանգեցնել, Արթուր Վանեցյանը պատասխանեց.
«Նախ՝ բիրտ ուժ կիրառող ոստիկանների մասին․ էն չինական տարբերանշանով անհասկանալի համազգեստը․․․ եղան բազում հայտարարություններ, ապացույցներ, որ այդ համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն: Դա օլիգարխների թիկնազորներն են և կրիմինալի ներկայացուցիչներ են»:
Ի պատասխան հարցին, թե հարկ եղած դեպքում փաստեր կներկայացվե՞ն, նա նշեց.
«Փաստեր ներկայացնելու բան չկա, եթե դու աշխատում ես իրավապահ համակարգում և տեսնում ես գործողություններ, դու հասկանում ես՝ մարդկանց միտինգ ցրելու գործողությունները կանոնակարգված են՝ ձև կա. երեք հոգի առաջ  են գնում, 4 հոգի հետևից գալիս, մեկը ոտքից է բռնում, մեկը՝ ձեռքից:
Այս մարդիկ գործել են ոչ պրոֆեսիոնալ, չպատրաստված, բացի դրանից՝ եթե ուշադիր նայեք, շատ-շատերի դիմակների տակ թրաշ կա, մորուք կա: Գտե՛ք մի ոստիկան, որ մորուք ունի, գտե՛ք մի սպա, ենթասպա կամ զինծառայող, որ մորուք ունի, չկա՛ նման մարդ:
Դրան չեն արձագանքում. վիդեոները կան՝ ցույց են տալիս, որ կառավարական ամառանոցներ գնում են հրոսակախմբեր, մամուլը հստակ ցույց է տալիս՝ նկարում են, ասում են:  Պետական պահպանության ծառայության մասին օրենքով կառավարական առանձնատները հանդիսանում են պետական պահպանության օբյեկտներ, այդ տարածքը մուտք և ելք չի կարելի. 100-200 հոգով գնում են-գալիս են, էդ էլ՝ ջհանդամ, ոչ մեկն ուշադրություն չի դարձնում:
Նստում են կառավարական դաչաների մոտ ինչ-որ անհասկանալի սիրուն մորուքը գծած-մշակած, նոր համազգեստ հագած՝ ասում են՝ դիրքերից իջել ենք, տուն չենք գնացել, եկել ենք մեր Նիկոլին պաշտպանենք:
Ա՛յ լակոտ, դու դիրքերի տեղը գիտե՞ս, դու կյանքիդ մեջ զինվորական ֆորմա ե՞ս հագել: Էդ ճղած ֆորմեքով, բորբոքված աչքերով, վիրավորված, կիսավիրավորված, իրական կռիվ տված մարդիկ չեն ասում՝ մենք դիրքերում ենք եղել, եկել են, դիրքերից իջել են ու Նիկոլին են պաշտպանում, որ հանկարծ Նիկոլին չուտեն»:
Անդրադառնալով սպայի պատվին՝ ԱԱԾ նախկին տնօրենը նշեց. «Դուք սպայի պատվից խոսեցիք՝ պատվից թանկ միայն հայրենիքն է, կյանքը պատվի և հայրենիքի հետ համեմատության մեջ զրո արժեք ունի»:
Արթուր Վանեցյանը դիմեց իր ընկերներին, ոստիկաններին, զինվորականներին, ԱԱԾ աշխատակիցներին, ուսադիր կրող, համազգեստ հագնող մարդկանց. «Տղե՛րք ջան, ես ձեզնից մեկն եմ եղել, ես ձեզնից մեկն եմ, դուք նկատել եք, որ ես որևէ քայլ չեմ անում հակապետական. ինձ համար պետության և պետական շահի պահպանումն ամենակարևորն է,  խնդրում եմ, սթափվե՛ք:
Տղե՛րք, վերջանալու է այս ամեն ինչը շատ արագ, հետո գալու եք-ասելու եք՝ չէինք հասկանում, բայց մե՛ր առաքելությունը՝ մե՛ր՝ սպաների առաքելությունը հայրենիքը վտանգված լինելու ժամանակ գործուն քայլեր կատարելն է:
Դո՛ւրս եկեք և հայտարարեք, որ այս մարդը ծախել է մեր երկիրը, այս մարդը քանդում է մեր երկիրը և շարունակում է քանդել մեր երկիրը:
Թուրք-ադրբեջանական զինված ուժերն արդեն Հայաստանի սահմանին են.  որևէ մեկը հասկանո՞ւմ է, որ մենք ունենք արդեն 400 կմ-ից ավել չպաշտպանված սահման, այս ամեն ինչի հետևանքով մենք ունեցանք 400 կմ-ից ավել չպաշտպանված սահման, ո՞վ է պաշտպանելու մեր հայրենիքը»:
Նա անդրադարձավ նաև այն չճշտված տեղեկություններին, որոնցով հասարակությանը մանիպուլյացնում են. «Շուշին հետ են տալիս, զորքը դուրս է եկել՝ չկա նման բան, էլի պարզվեց, որ սուտ էր, Քելբաջարը չենք հանձնելու, Դադիվանքից հանկարծ խաչքարերը չբերեք՝ երեկ տեսաք՝  դարբասները փակեցին, ասեցին՝ ցտեսություն ձեզ, և հակառակորդի տանկերը մտան, զորքերը մտան:
Ժողովո՛ւրդ, հասկացեք, սա մեր երկրի, մեր ապագայի, մեր հայրենիքի պայքարն է, մենք չենք պայքարում իշխանության համար: Իշխանություն մեզ պետք չի այս դժվար իրավիճակում. այս բարդ իրավիճակում դա մեծ պատասխանատվություն է:
Ինձ  համար կոնկրետ իշխանությունը վայելք չի,  վայելք չի եղել:  Եթե ինձ համար իշխանությունը լիներ վայելք, կմնայի իշխանության մեջ և կվայելեի այս իշխանությունը. ինձնից լավ ոչ մեկը չէր «տեղավորված» այս իշխանության մեջ:
Դո՛ւրս եկեք կոմֆորտի զոնայից, հարգելի՛ սպաներ, գեներալնե՛ր, ենթասպանե՛ր, շարքայիննե՛ր, ընկերներ: Բոլորդ ինձ ճանաչում եք. ես չեմ արել մի անազնիվ քայլ, անում եմ ամեն ինչ մեր երկրի ապագան լավը տեսնելու համար:
Խնդրո՛ւմ եմ, մի՛ արեք. սա երկրի և հայրենիքի ապագայի հարց է»: