Մեզ գրում է Արմենուհի Մնացականյանը՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող գրադարանավարը։
 
Արմենուհի Մնացականյան
 
Ներքոգրյալը հետևանքն է այն օպտիմալացման, որը երկրին պարտադրեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որը գրադարանների գծով «գրքասեր» Ներսես Տեր- Վարդանյանի մոտեցմամբ կյանքի կոչեց մշակութի նախարար Արմեն Ամիրյանը․ որով հանրապետությունում միակ երաժշտական գրադարանին ջախջախիչ հարված հասցրեց Նիկոլայ Կոստանդյանը։
 
Օպտիմալացման զոհասեղանին դրվեց միակ երաժշտական գրադարանը․ հարվածը բազմավեկտոր էր։
 
Կոմիտաս ինստիտուտ-թանգարանում ծվարեց ֆոնդի հազիվ 30 տոկոսը, մնացածին բաժին հասավ ազգային գրադարանի խոնավ ու կործանարար զնդանում ցմահ կալանավորի կարգավիճակ։
 
Կրճատվեցին գրադարանի համար կենսական նշանակություն ունեցող բաժինները /համալրման, մատենագիտական/։ Աշխատակազմ ընտրվեց ոչ թե ըստ մասնագիտական որոկավորման․ կրթության ու աշխատանքային փորձի, այլ ծանոթ, բարեկամ, միջնորդության։ Գրադարանի տարածքը․ որը ըստ մշակույթի նախարարի պիտանի չէր գրադարանի համար, ցանկալի ու թույլատրելի եղավ ազգային համույթի համար, որից երկրում տասնյակներ կան։
 
Ներկայիս գրադարանը չունի ընթերցասրահ, գրքային ցուցահանդեսների կազմակերպման համար տարածք։ Այլ կերպ ասած՝ գրադարանի ներկա վիճակը անթույլատրելի է, ապագան՝ անհասկանալի անտրամաբանական։ Ծնվել է նոր տիպի գրադարան․ որին կարելի է տալ միայն մեկ անվանում՝ բուտոֆորային։
 
Ինչպիսի հանճարեղ տնտեսվարում Օստապ բենդերի կեցվածքով վարչապետի կողմից։ Կրճատվող հիմնարկների․ աշխատողների հաշվին տնտեսվում են միջոցներ, որով կարելի կլինի փրկել հանրապետականների օրեցօր նվազող հեղինակությունն ու հոգևարք ապրող իշխանությունը։ Երկիրը ծանր վիճակից ոտքի կանգնեցնելու գաղափարը թանկ է և ընդունելի կլինի ցանկացած հայի համար․ եթե անապահով կամ մի կերպ յոլա գնացող խավի հետ դժվարությունները կիսեն բոլորը․․․․գոնե ժամանակավորապես դադարեցվեն հսկայական միջոցներ լափող ցուցադրական, կեղծ, բայց առանձին մարդկանց գումարներ բերող տոնահանդեսները, միջոցառումները, անիմաստ գործուղումները, շքեղ մեքենաները, սպասարկող անձնակազմը (քարտուղարուհի․ վարորդ․ օգնական․․․․․)
 
Հ․ Գ․ Ինձ համար շատ հարգելի մի մտավորական կին խորհուրդ տվեց չբարձրաձայնել կարծիքս գոնե այս ոճով․ սակայն լռել չեմ կարող։ Սա է ամենասովորական քաղաքացու ոճը։ Իսկ լրագրողները կամ երաժշտասեր հասարակայնությունը թող գրեն իրենց ոճով, գուցե տեղ հասնի։