Երեկ՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Արվեստի դպրոցի և տեղադրված արագաչափի դիմաց, բախվել են Եղվարդ քաղաքի Երևանյան 7ա շենքի բնակիչ՝ 36-ամյա Արա Սիմոնյանի վարած Chevrolet մակնիշի 07 ՏՏ 725 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սիրեկան Պետրոսյանի վարած Opel մակնիշի 35 PM 155 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 50-ամյա Նաիրա Պողոսյանը, 24-ամյա Ալեքսան Կանջյանը, 20-ամյա Լիանա Պետրոսյանը և 11-ամյա Էլեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։
 
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։  
 
Opel-ի վարորդն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ավտովթարների մեջ, և սա նրա 3-րդ վթարն է, և ամեն անգամ վթարի հետևանքով մարդիկ են տուժում։