Երևան

+12°C
facebook twitter odnoklassniki google plus youtube contact us sitemap rss

Լևոն Խեչոյանի հոգեհացի խորին խորհուրդը

Լևոն Խեչոյանի հոգեհացի խորին խորհուրդըՄնացական Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լևոն, բարով կմնաս մեր կողքին, մեր մեջ:

Լևոն Խեչոյանի մարմինը հանձնեցինք հողին: Հոգեհացի ժամանակ բացառիկ մի բան տեղի ունեցավ. ոչ մեկը նման բան չէր տեսել: Հայոց ավանդությամբ լռությամբ պիտի անցնի հոգեհացի ճաշկերույթը, նույնիսկ բաժակների շխկոցի ձայնը չպիտի լսվի: Մասնակիցներից մեկը ցանկացավ կարդալ Լևոն Խեչոյանի ,,Մհերի դռան գրքից,, մի փոքրիկ հատված: Ընթերցումն ավարտվեց, մի պահ ինքնասույզ լռություն իջավ և ապա ծափահարություններ պայթեցին: Սա եզակի բան էր: Եվ հետո շարունակվեցին բաժակաճառեր հնչել` գեղեցկախոսության փայլատակումներով: Այդ պահին մտածում էի ` Լևոնի կենդանության ժամանակ կային մարդիկ որ ասում էին` Լևոնի խոսքը բարդ է, շատերին անհասկանալի: Իսկ հիմա ինչու այսքան հասկանալի դարձավ:Մեր ողջ պատմության, Մհերի դռան խորհուրդը, որը չէին ըմբռնել ոչ իմաստուն քուրմերը, ոչ մեր զորավոր առաջնորդները, միանգամից հասկանալի դարձավ: Ինչու մահից հետո է մարդը հասկանալի դառնում. երևի այլևս նրան չեն նախանձում, երևի մահը կյանքի ուսուցիչն է : Երևի հիմա հասկացանք, որ Լևոնի գիրը հոգուց ու մարմնից փերթ-փերթ պոկված հյուլեներ են, որոնք դուրս են գալիս և անէանում մեր մեջ: Գուցե դա է պատճառը, որ մեկ հաղորդմամբ չենք հաղորդակցվի նրա հետ, մեկ ընթերցումով չենք ընկալի նրան :Կրկին ու նորեն ընթերցելուց հետո ենք ըմբոշխնում, հասկանում խորագնա մտքերի ողջ իմաստը, հայտնագործման սքանչելի բերկրանքը: Գուցե հիմա միայն հասկացանք, որ Լևոնի խոսքը շուտասելուկ չէ, նրա գիրքը, գրքի գիրը արարված չէ ժամանցային ընթերցանության համար:Բացառիկ են մարգարիտները, քանզի դրանք թափված են ոչ թե ծովափի մակերեսին , ավազների վրա, այլ ծովի խորքում:Մարգարիտ որոնողներն ու գտնողներն էլ երկար կյանք չեն ունենում:
Մենք նրան չենք ասում` բարով գնաս, ասում ենք`Լևոն, միշտ բարով մնաս մեր կողքին, մեր մեջ:

Մնացական Հարությունյան

Բարի սամարացիներ